Սոցիալական ցանցերի վտանգավոր ֆունկցիաները հոգեկանի և ինտելեկտի համար․ պատմում է դոցենտ Արեգ Մկրտչյանը
Սոցիալական ցանցերի օգտագործումը կարող է խանգարել հուզական ինտելեկտի զարգացմանը, որին նպաստում են լայքերն ու էմոջիները։ Այս մասին ասում է Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի կլինիկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Արեգ Մկրտչյանը։
«Ленте.ру»-ին տված հարցազրույցում հոգեբանը նշում է, որ սոցիալական ցանցերի պատճառով շփումը ֆորմալացվում է։
«Դեռահասների, երբեմն էլ մեծահասակների օրինակից նկատում ենք, որ լայքերն ու էմոջիները թույլ չեն տալիս զարգանա էմոցիոնալ դաշտը։ Եվ այն, բանականության նման, նույնպես պետք է զարգացնել: Ահա թե ինչու էմոցիոնալ արձագանքների փոփոխականությունը փոքրանում է․ կամ պետք է հավանեմ, կամ անտեսեմ: Այլ հնարավորություններ չունեմ»,- պարզաբանել է Մկրտչյանը։
Երկրորդ կարևոր խնդիրը, որը բացասաբար է անդրադառնում հոգեկանի և ինտելեկտի վրա, ըստ մասնագետի, սոցիալական ցանցերում և ընդհանրապես համացանցում տեղեկատվության հասանելիությունն է։
«Այնտեղ տեղեկատվությունը չափազանց հասանելի է, այն փնտրելու և սինթեզելու կարիք չունի։ Տեղեկատվության առկայության և դրա կարկատանների պատճառով մարդիկ չեն սովորում մեկնաբանել և փնտրել այն, չգիտեն, թե ինչպես կառուցել տրամաբանական կապեր և հաջորդականություններ»,- ասում է փորձագետը։
Այս գործոնի ազդեցության տակ մտածողությունը որպես մտավոր ֆունկցիա փոխվում է։ Մարդիկ, ովքեր ապրում են պատրաստի և պարզունակ տեղեկատվության հոսքում, բթանում է բարդ տեղեկատվությունը մեկուսացնելու կամ փոխանցելու ունակությունը, ասում է Մկրտչյանը։ Որպես օրինակ նա բերում է 40 տարեկանից բարձր սերնդին, որը կարողանում է վերապատմել մի ամբողջ ֆիլմ, իսկ ժամանակակից դեռահասը կարող է երկու ժամանոց ֆիլմը վերապատմել «հիասքանչ էր, բոլորը սպանվեցին» կամ «բոլորն ամուսնացան», սակայն ոչ հերոսների անուններն ու կերպարները, սյուժեն։
Նրա խոսքով, դրան նպաստում է տեղեկատվական դաշտը, որտեղ պտտվում են ժամանակակից դեռահասները։
«Այժմ այն կարծես անսահման, բայց ծանծաղ օվկիանոս լինի: Տեղեկությունները շատ են, բայց խորքերը սուզվելու համար կա՛մ հնարավորություն չկա, կա՛մ ցանկություն չկա, երբեմն էլ՝ բոլորը միասին»,- եզրափակում է մասնագետը։