«Ժողովուրդ». Դատական դեպարտամենտի պաշտոնատար անձինք ՊՎԾ-ի, ինչպես նաև իրավապահների հետ «գործարքի են գնացել»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրև թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար:
Պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում համապատասխան աշխատակիցները գործուղման օրերի ժամանակահատվածում գտնվել են աշխատանքի վայրում, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ: Արդյունքում Քննչական կոմիտեում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս քրեական գործը փակվելու է, քանի որ Դատական դեպարտամենտի պաշտոնատար անձինք ՊՎԾ-ի, ինչպես նաև իրավապահների հետ «գործարքի են գնացել», թե իրենք հետ կտան թալանածը, իրենց չպատժեն, ու, ըստ էության, համաձայնությունը բոլոր կողմերի մեջ կա, ու քրեական գործը կկարճվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: