Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ, 3+3-ը միայն մեկն է. ԱԳ փոխնախարար
«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այստեղ չէ զուտ տեխնիկական պատճառներով, ինչի համար մենք հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ԱԺ-ում ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին քննարկումներին ասաց արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբայցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչո՞ւ հենց նախարարը չի ներկայացել այս քննարկմանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև մեջբերում արեց փոխնախարարի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորության, բանակցությունները վերսկսկելու ուղղությամբ ջանքեր գործադրելու վերաբերյալ խոսքի հատվածից, ապա հարցրեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մինչ այս պահը, ի՞նչ արդյունք է գրանցվել։
Վ. Գևորգյանի կարծիքով, ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-24-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների հետ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումն էր, ապա նաև Մինսկի խմբի համանախագահությամբ և միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
«Համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, վերահաստատեցին, որ գործում են իրենց մանդատի շրջանակներում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է։ Կարծում եմ՝ այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ, պայմաններ կստեծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար»,- ասաց փոխնախարարը։
Ա. Գրիգորյանի մյուս հարցը վերաբերում էր 3+3 ֆորմատին, այդ ֆորմատի ներքո թաքնված ռիսկերին՝ նշելով, որ Հայաստանն այս հարցով որևէ հստակ դիրքորոշում չի արտահայտել, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի այսչափ կրավորական կեցվածքը։
ԱԳ փոխնախարարն ասաց, որ վերջին ժամանակահատվածում միջազգային քաղաքականության մեջ ընթանում է տարածաշրջանացման գործընթացներ, այսինքն երբ ի հայտ են գալիս տարածաշրջանային ուժեղ խաղացողներ, գլոբալ խաղացողները մնում են իրենց տեղում։
«Այս տեսակետից կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ, 3+3-ը միայն մեկն է։ Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ առանց կանխակալ լավ կամ վատ վերաբերմունք ունենալով որևէ առաջարկի նկատմամբ։ Մեզ համար առաջանայինը ՀՀ ազգային շահերի պաշտպանությունն է, վտանգների և ռիսկերի հաշվարկումը։
Այս տեսակետից մեզ անհրաժեշտ է ունենալ ընդհանրական մոտեցումներ։ Կարծում եմ՝ ամենակարևոր ընդհանրական մոտեցումը, որ կարող ենք այս պահին արձանագրել, այն է, որ բոլոր տարածաշրջանային համագործակցային կազմակերպություններ չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող ֆորմատները։ Այս տեսակետից մեզ համար առաջնային է որևէ կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ։ Այս բոլոր առաջարկությունները դիտարկվում են և այժմ դեռևս որևէ առաջընթացի, որոշման մասին դեռ վաղ է խոսել»,- ասաց Վ.Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի գործունեության համար 2022 թ.-ին Հայաստանը կհատկացնի 9.6 մլն դրամ
- Դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, Զախարովան՝ «3+3» հարթակի ստեղծման մասին
- Էրդողանը՝ «3+3»-ի մասին․ Եկեք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում
- Ստեփան Դանիելյան. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան