«Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցերով համազեկուցողների հետ
Հ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
«Արթուր Վանեցյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների մասին: Խմբակցության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմում գործուն մասնակցություն է ունեցել նաև Թուրքիան: Արթուր Վանեցյանը հրատապ է համարել Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց անհապաղ վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս համատեքստում կարևորվել է միջազգային բոլոր գործընկերների աջակցությունը` ստիպելու համար, որ Ադրբեջանը վերադարձնի գերեվարված անձանց:
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին` խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի` Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների և ուժի կիրառման, հակահայ քարոզչության վերաբերյալ, ինչը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Պատգամավորներն իրենց դիրքորոշումներն են հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Նշվել է, որ ընդդիմադիր 2 պատգամավոր գտնվում է անազատության մեջ, իսկ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների զգալի թվով պատգամավորների դեմ հարուցված են քրեական գործեր: Ըստ Արթուր Վանեցյանի` իշխանությունը փորձում է քրեական գործերով լռեցնել քաղաքական հակառակորդներին, ինչպես նաեւ սահմանափակել այդ պատգամավորների ազատ տեղաշարժը, այլ խոսքով` խոչընդոտել նրանց` պատգամավորական գործունեությունից բխող գործուղումների մեկնումը
Հյուրերի խնդրանքով Արթուր Վանեցյանն ու Հայկ Մամիջանյանն անդրադարձել են մեր երկրում ընտրական բարեփոխումներին, դատական համակարգին, ԶԼՄ-ների անկախությանը և խոսքի ազատության սահմանափակումներին առնչվող հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ::