Դավիթ Օվասապյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Բելգրադում ավարտվել է մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականից առավել հաջող հանդես է եկել գերծանրքաշային Դավիթ Օվասապյանը: Նա իր օգտին վստահ հաղթանակներ է գրանցել ու մտավ եզրափակիչ:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ չեմպիոնի համար գոտեմարտում մեր ըմբիշը մրցել է իրանցի Ամին Միրզազադեի հետ: Պայքարը չափազանց լարված բնույթ է կրել: Ի վերջո մեկ միավորի առավելությամբ հաղթել է իրանցին /2 : 1/ և մեր պատվիրակը գրավել է երկրորդ տեղը: Սա նույնպես հաջողություն է և արժանի է բարձր գնահատականի, մանավանդ, որ նման հեղինակավոր ստուգատեսում առաջին անգամ արծաթե մեդալակիր դարձավ մեր երկիրը ներկայացրած ամենաբարձր քաշային կարգի ըմբիշը:
Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին և բրոնզե մեդալով պարգևատրվեցին Հրաչյա Պողոսյանը /63 կգ/ և Շանթ Խաչատրյանը /72 կգ/:
44 երկրների թիմերի պայքարում մեր հավաքականը եզրափակել է լավագույն յոթնյակը:
Բելգրադի մարզապալատի մրցագորգերը վաղվանից կտրամադրվեն մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Մանվել Խնձրցյանը /57 կգ /, Արսեն Հարությունյանը /61 կգ /, Հրաչյա Մարգարյանը /65 կգ/, Վազգեն Թևանյանը /70 կգ/, Հրայր Ալիխանյանը /74 կգ /, Արման Ավագյանը /79 կգ/, Մհեր Մարկոսյանը /86 կգ/, Մարտին Սիմոնյանը /125 կգ/:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի յոթին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան