ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին հյուրընկալել են «Հայաստան» խմբակցության անդամները
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբակցության ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, Սեյրան Օհանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ միջազգային հարթակներում պետք է բարձրաձայնել, որ պատերազմը ոտնձգություն էր Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու իրավունքի դեմ: Ընդգծվել է, որ ադրբեջանաթուրքական տանդեմը պատերազմի ընթացքում հանցագործություններ է կատարել արցախահայության նկատմամբ, օգտագործել արգելված զինամթերք, մինչ օրս շարունակում է պղծել պատմամշակութային արժեքները: Սեյրան Օհանյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչն արվում է հեռահար նպատակներով:
Կիմո Կիլյունենի խոսքով՝ երբ Հայաստանը և Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցում էին, հստակ էր, որ միայն խաղաղ ճանապարհով է խնդրի լուծումը նախատեսվում:
«Մենք մտահոգված ենք պատերազմական իրավիճակով, մարդու իրավունքների խախտումներով»,-ասել է համազեկուցողը:
Խմբակցության անդամներն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին, խոսքի ազատության հիմնախնդիրներին, դատաիրավական ոլորտի բացթողումներին, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին: Արամ Վարդևանյանն անդրադարձել է, մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերի անթույլատրելիությանը՝ դա դիտարկելով պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի խախտում:
Նա անընդունելի է համարել ԸՕ-ի փոփոխություններն անմիջապես ընտրությունների նախաշեմին:
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ թեպետ ԸՕ-ում փոփոխություններ արվել են, սակայն հստակ չեն հատկապես ընտրարշավին, կուսակցությունների ֆինանսավորմանը վերաբերող կարգավորումները:
Համազեկուցողները կարևորել են համագործակցությունը և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական ուժերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան