Պայքար Կովկասում՝ Թուրքիայի և Իրանի միջև
Անցյալ ամիս Թուրքիայում իրանցի գործակալների աղմկահարույց ձերբակալությունը, ըստ վերլուծաբանների, հարևանների միջև աճող լարվածության վերջին նշանն է։ Ըստ Թուրքիայի, նշված իրանցիները փորձել են առևանգել իրանցի մի այլախոհի: Միջադեպը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կովկասյան տարածաշրջանում ուժգնանում է պայքարն Իրանի ու Թուրքիայի միջև: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ըստ փորձագիտական եզրակացությունների, Ադրբեջանի կողմից թուրքական և իսրայելական ռազմական տեխնիկայի կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերի հետքաշումից հետո տարածաշրջանում նվազել է Իրանի դերը:
Ինչպես «Չեթըմ հաուս»-ը ներկայացնող վերլուծաբան Գալիփ Դալայն է ասում․ «Այժմ սերտացել են իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, ավելի են սերտացել թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Սրանց արդյունքում Կովկասում աշխարհաքաղաքական նոր իրողություն է առաջ եկել, երբ կրճատվել է Իրանի դերը, ի հակադրություն այստեղ Թուրքիայի դերի մեծացման, որին զուգահեռ Ռուսաստանն այստեղ հաստատել է իր առաջնահերթությունը: Փաստեր, որոնք մեծապես են մտահոգում Իրանին»:
Իրանն այժմ փորձում է զարկ տալ դիվանագիտական ջանքերին: Բացի այդ, տասնամյակների ընթացքում առաջին անգամ Թեհրանը զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանին:
Ըստ «Գերմանական Մարշալ» հիմնադրամի Անկարայի գրասենյակի փորձագետ Օզգուր Ունլուհիսարչիքլիի․ «Այժմ Իրանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա։ Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև Կովկասի հետ կապված դիվանագիտական հարաբերությունները սերտանում են։ Իրանը կազմակերպվում է, զորավարժություններ է անցկացնում հենց Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Այնպես որ, կարելի է ասել, որ տարածաշրջանում լարվածություն կա, որը կարող է կրել տևական բնույթ»։
Բացի այդ Իրանին անհանգստացնում են Պակիստանի հետ Թուրքիայի խորացող ռազմական կապերը:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Պակիստանը սուննի մահմեդական երկրներ են, Իրանը` շիա:
Իրանի ճգնաժամային իրավիճակում հայտնված տնտեսությունը մեծապես է կախված Թուրքիայի հետ առևտրից, ինչն էլ, մեծաթիվ վերլուծաբանների խոսքերով, Անկարային թույլ է տալիս կոշտ դիրքորոշում ընդունել ընդդեմ Թեհրանի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան