ՄԻԵԴ-ը հայ գերիների գործով գտել է կյանքի իրավունքի խախտում Ադրբեջանի կողմից․ Բաքուն կվճարի 40 000-ական եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Խոջոյանն ու Վարդազարյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռները։
Առաջին գործով դիմումատուներն են Հասմիկ Խոջոյանը, Հեղինե Վարդազարյանը և Հայկազ Խոջոյանը (այժմ մահացած), որոնք Հայաստանի քաղաքացիներ են՝ ծնված համապատասխանաբար 1964, 1967 և 1959 թթ.-ին։
Գործը վերաբերում է դիմողների հոր՝ Մամիկոն Խոջոյանին, որը գերեվարվել ու խոշտանգվել էր Ադրբեջանի կողմից 2014թ-ի սկզբին։ Մամիկոն Խոջոյանը Վերին Կարմիրաղբյուր գյուղի (Տավուշի մարզ) բնակիչ էր։ Նա տնից դուրս էր եկել 2014 թվականի հունվարի 28-ի առավոտյան ու հայտնվել ադրբեջանական գերության մեջ։ Երկու օր անց ադրբեջանական կողմը հաղորդեց, իբր, նա հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդ է և բերման է ենթարկվել։
Նա Հայաստանի իշխանություններին է հանձնվել 2014 թվականի մարտի 4-ին և տաս շաբաթ անց մահացել տանը։
Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ
Մամիկոն Խոջոյանի մասով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի և հետաքննության) խախտում
Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների պատճառով 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելք) խախտում։
Մամիկոն Խոջոյանի մասով 5-րդ հոդվածի խախտում (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)։
ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 40,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
«Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուն Արտուշ Պետրոսյանը, ազգությամբ հայ է, ծնված 1957 թվականին և բնակվում է Չինարիում։
Նշվում է, որ որդին՝ 1981 թվականին ծնված Կարեն Պետրոսյանը, նրա հետ ապրել է Ադրբեջանի հետ սահմանամերձ Չինարիում։
2014 թվականի օգոստոսի 7-ին նրա որդին հատել է Ադրբեջանի սահմանը և գերի է ընկել ադրբեջանցիների զինված ուժեր կողմից։ Նա մահացել է գերության մեջ։
Կարեն Պետրոսյանի գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 2-ի խախտում (հետաքննություն և կյանքի իրավունք), 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում):
ՄԻԵԴ որոշմամբ Ադրբեջանը պետք է վճարի 40 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին