Սեյրան Օհանյան. «Հայաստան»-ը գործելու է «Ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով
«Պատերազմի ավարտից հետո Հայաստանի իշխանությունները, ունենալով բոլոր հնարավորություններն ու գործիքակազմը, չեն իրականացրել ռազմավարական վերանայումներ»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, իշխանություններն անցած մեկ տարվա ընթացքում պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնեին ռազմավարական վերանայումների համար, դրա արդյունքում գնահատեին անվտանգային միջավայրը, ներքին ու արտաքին սպառնալիքները, դրանցից ելնելով աշխատանքեր իրականացնեին բոլոր ուղղություններով։
Օհանյանի խոսքով, պետության անգործության պայմաններում այդ աշխատանքը ստիպված ստանձնել են փորձագիտական խմբերը, հասարակական կազմակերպությունները, հանրությունը։
«Չնայած պետք է հակառակը լիներ։ Կառավարությունը իր բոլոր կառույցներով՝ ՊՆ, ԱԽ գրասենյակը, խորհրդարանը, ԱԱԾ-ն պետք է այդ ամենը իրականացնեին ու մեզ ընդգրկեին։ Մենք հիմա ներքևից ենք այդ ամենն իրականացնում։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն փորձում ընդգրկվել այդ գործընթացների մեջ»,-ասաց քաղաքական գործիչը։
Օհանյանն արձանագրում է, բավականին բարդ աշխարհքաղաքական իրավիճակ է ստեղծված, Հայաստանում, Արցախում, Հարավային Կովկասում հայտնվել են որոշ դերակատարներ։
«Ես նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմը, որը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի նկատմամբ իրականացնում է ճնշումներ։ Խոսում են ապաշրջափակման մասին, բայց ես ասում եմ, որ առանց խաղաղության համար ոչ իրական, ոչ էլ իրավապայմանագրային հենք ունենալու դեպքում ապաշրջափակումը բերելու է Հայաստանի ու Արցախի խոր շրջափակման»,-ասաց նա։
Օհանյանի խոսքով, հիմա Հայաստանն ու Արցախը գտնվում են ակնլավային ու տկար վիճակում, հետևաբար դրանց ազդեցությունն էլ թուլացել է։
«Այս իշխանությունների օրոք, որ երկիրը տարել են պարտության, պարտությունների շարանը շարունակվում է սահմաններում, շփման գծում։ Հիմա խոսվում է, որ նոյեմբերի 9-ին էլ երկու երկրների միջև ինչ-որ բան է ստորագրվելու։ 2021 թվականի այս իրականության մեջ կան խոսակցություններ փաստաթղթերի ստորագրման մասին, որոնք ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ «Հայաստան» դաշինքն ու համանուն խմբակցությունը տեսական, գործնական ու այլ քայլեր են ձեռնարկում ազգային դիմադրության մակարդակը բարձրացնելու համար՝ «Ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» խորագրի ներքո։
«Այս իշխանությունները պետք է հեռանան, պարտության, կապիտուլյացիա բերած իշխանություններն անընդհատ գտնվում են պարտադրանքի ներքո և չեն կարող հետագա զարգացում բերել»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան