Նոյեմբերի 29-ին Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն
ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերին նախօրեին հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների վերացմանն ուղղված Վիեննայի բանակցությունները կմեկնարկեն նոյեմբերի 29-ին։ Այս մասին գրում է Pars Today-ը։
«ԵՄ փոխարտգործնախարար Էնրիկե Մորայի հետ հեռախոսազրույցում համաձայնություն է կայացել նոյեմբերի 29-ին վերսկսել անօրինական ու անմարդկային պատժամիջոցների վերացմանն ուղղված Վիեննայի բանակցությունները»,- թվիթերում գրել է Ալի Բաղերին։
Եվրամիությունը հայտարարություն է տարածել, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը կվերսկսվի նոյեմբերի 29-ին Վիեննայում, և մասնակիցները կշարունակեն խորհրդակցությունները՝ համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացման շուրջ:
Եվրամիության հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կանցկացվի Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով պատասխանատուների և «4+1» խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԻԻՀ փոխարտգործնախարարն ավելի վաղ թվիթերում նշել էր, որ Իրանը վճռական է բանակցություններ վարել ճնշող և անօրինական պատժամիջոցների ամբողջական և արդյունավետ վերացման, Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորումը երաշխավորելու և արժանահավատ երաշխիքներ ստանալու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան