Ունեցանք զարմանալի ինքնաբացարկի միջնորդություն. դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչ
«Այսօր եկել էինք նիստին, ակնկալում էինք արդարադատության նախարարության ներկայացուցիչների դիրքորոշումը մեր միջնորդության նկատմամբ, սակայն դրա փոխարեն ունեցանք մեզ համար բավականին զարմանալի ինքնաբացարկի միջնորդություն»,- Բարձրագույն դատական խորհուրդում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությանն ասաց Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ գտնելով, որ Միքայելյանն ունի կանխակալ մոտեցում, չի կարող մասնակցել այս վարույթի քննությանը։ ԲԴԽ-ն բավարարել էր միջնորդությունը։
Ռ. Մելիքյանն ասաց, որ իրենք առհասարակ չեն ուսումնասիրել դատական նիստի ձայնագրությունը, որովհետև, իրենց ընկալմամբ, որևէ դատավոր անգամ մոտ չի եղել ինքնաբացարկի, այսպես ասած, սահմաններին։
«Հիմա, քանի որ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնվեց մեր գործընկերների հետ, փաստորեն նոր իրավիճակ է ստեղծվել, կարիք ունենք հասկանալու՝ արդյոք այլ դատավորների կողմից տրված հարցերը համարժեք են, թե ոչ։ Նոր երևան եկած հանգամանք է սա»,- նշեց նա՝ ժամանակ խնդրելով ուսումնասիրելու ձայնագրությունը։
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջգանհիրյանը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 11-ին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթ է հարուցվել՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացրել՝ վարույթը կարճելու մասին։ Որպես հիմք մատնանշվել է այն հանգամանքը, որ դատավոր Նախշքարյանի դեմ վարույթ է հարուցվել Գևորգ Գյոզալյանի հաղորդման հիման վրա, որը, թեև հանդես էր եկել որպես Փաշինյանների ներկայացուցիչ՝ քաղաքացիական գործի շրջանակներում, նշված դեպքում նա հաղորդում ներկայացնելու լիազորություն չի ունեցել։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ անդամներից Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը
- Ապշեցուցիչ անպատրաստության և փառահեղ անգիտության մաստեր կլասս էին ցուցադրում արդարադատության փոխնախարարն ու խորհրդականը. Իրավաբան
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացվել. ԲԴԽ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան