Համբիկը 40 տարի իր կյանքից նվիրեց մեր վիրավոր արժանապատվությանը... Իսկ մե՞նք
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.
«Մի տեսակ լռության ժամանակներ են․ թվում է, թե ամեն բան ասված է, ոչ զարմանալու, ոչ հուզվելու, ոչ էլ ոգևորվելու ուժ չի մնացել․․․
Գնում եմ Համբիկ Սասունյանի հետ հանդիպման։ Գրեթե քառասուն տարվա անազատությունից հետո Համբիկն Հայաստանում է, տանը՝ ինչպես ինքն է ասում։ Հայոց ցեղասպանության արդարության մարտիկն իր կյանքի երկար ու ձիգ տասնամյակները նվիրեց հանուն մեր վիրավոր արժանապատվության, հանուն մեր Ցեղասպանության նահատակների արդար վրեժի, հանուն մեր թափված արյան, հանուն այն բանի, որ անտարբեր աշխարհն իր աչքերը, սիրտն ու միտքը բացի, հանուն այն բանի, որ մարդկությունը երբեք չկանգնի ցեղասպանություն ոճիրի առջև․․․
Այս պահին հեշտ ասվող շարքային խոսքեր, որոնց հետևում մի ամբողջ կյանք է․․․
Քառասուն տարի, քառասուն տարի․․․փորձում եմ չափել կյանքի այդ ժամանակը, տևողությունն ու դրա մեջ տեղավորվող ինքը կյանքը, ու չի ստացվում, անհնար է պատկերացնել։
Մոտենում եմ Համբիկին՝ շրջապատված է հանդիպման ուրախությունից ու ակնածանքից փայլող աչքերով ընկերներով ու բարեկակամներով։
Հեռվից նկատում է ինձ ու համոզված հարցումով ասում՝ Լիլի՞թ։
-Այո-, ասում եմ ես, ու հին ընկերների պես ողջագուրվում ենք։ Լռելու ժամանակ է, ամեն բան ասված է։
-Գիտե՜ս, բանտում որքա՜ն եմ կարդացել հոդվածներդ և ուժ առել,- համեստ ու չպարտադրող ձայնով ասում է Համբիկը․․․ ու կրկին գրկախառնվում ենք։ Ես լուռ եմ, ավելի շուտ բառեր չեմ չեմ գտնում, մանավանդ այս ծանր ու անլույս օրերում, երբ կյանքիս երեսուն տարին կորցնելու անամոք վերքով եմ ապրում, ամեն օր, ՀԵՏՈ հարցը դաջված ուղեղիս մեջ․․․Ու Համբիկն այս օրերում․․․
-Ո՞ւր է գլխարկը, - հայացքով փնտրում է եղբորն ու նրա ձեռքից վերցնում ձեռագործ մի գլխարկ։
-Բանտում եմ գործել, երբ շատ անելիք չկար, այս մեկը քո համար է․․․
Գրեթե շունչս կտրվում է, ես էլի լուռ եմ՝ ՄԵՂԱՎՈՐԻ ԼՌՈՒԹՅԱՄԲ, հուզմունքից քարացած, բառեր չեմ գտնում, ու կրկին գրկում եմ համեստ ու մի քիչ շփոթված Համբիկին՝ որն իր կյանքի երկար ու ձիգ տասնամյակները նվիրեց հանուն մեր վիրավոր արժանապատվության, հանուն արդար վրեժի, հանուն մեր թափված արյան, հանուն այն բանի, որ անտարբեր աշխարհն իր աչքերը, սիրտն ու միտքը բացի․․․
Իսկ մե՞նք․․․»։