Հայկ Մարությանը վտանգավոր «զոնայում» է
Ազգային ժողովում 2022 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը պատգամավորների հետ հանդիպմանը եկել էր ոչ թե քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը՝ ներկայացնելու բյուջեի եկամուտների և ծախսային մասը։
Նա ասաց, որ ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով Երևան համայնքին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում՝ սուբվեցիոն նպատակային հատկացումներն ու ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան, նախատեսված է 20 միլիարդ 441 միլիոն դրամի չափով, իսկ պետության կողմից Երևանի քաղաքին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է 37, 5 միլիարդ դրամի չափով՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 1,5 միլիարդ դրամով։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հերտաքրքվեց՝ ինչո՞ւ քաղաքապետ Հայկ Մարությանը չի ներկայացել Ազգային ժողով անձամբ ու ներկայացրել բյուջեի նախագիծը։
«Ճիշտն ասած՝ անձամբ քաղաքապետը նախատեսում էր ներկայանար, բայց, ցավոք սրտի, ներկայիս համաճարակը մտավ իրենց տուն էլ, իր երեխաներն ու կինը հիվանդ են քովիդով ու նա, զուտ լինելով վտանգավոր «զոնայում», չի ուզում վտանգել մնացած մարդկանց կյանքը:
Ներկայումս նա գտնվում է մեկուսացված վիճակում, ոչ մեկի հետ կոնկրետ շփման մեջ չի գտնվում», - ասաց Սերգեյ Ներսեսյանը:
Պատգամավորն առողջություն մաղթեց Երևանի քաղաքապետին, ապա շարունակեց. «Ուղղակի փոխանցեք քաղաքապետին, որ պատգամավորներն ասում են՝ այս անգամ պատճառը հարգելի է, բայց մյուս անգամ անձամբ ներկայանա Ազգային ժողովին»: