Իրկուտսկի մերձակայքում Ան-12-ի կործանման վայրում ինը զոհվածների մասունքներ են հայտնաբերվել
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում երկու օր առաջ կործանված Ան-12 ինքնաթիռի ավիավթարի վայրում հայտնաբերվել են բոլոր 9 զոհի մասունքները: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Իրկուտսկի մարզային դատաբժշկական բյուրոյից հաստատել են, որ հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինների մասունքները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Բելառուսական «Գրոդնոավիա» ընկերությանը պատկանող Ան-12 ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր նոյեմբերի 3-ին Իրկուտսկում վայրէջք կատարելուն պատրաստվելիս: Փրկարարները հայտնաբերել են օդանավի կործանման վայրն ու որոնողական աշխատանքներ սկսել: Ընկնելուց հետո օդանավը բռնկվել էր: Զոհերից 4-ը Ռուսաստանի, 3-ը՝ Բելառուսի, 2-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են եղել:
Քննությունն օդանավի կործանման 3 վարկած է դիտարկում՝ օդաչուական սխալը, եղանակային պայմանները, օդանավի տեխնիկական անսարքությունը: