Կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակություն. ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽԽՎ համազեկուցողներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող հարցերից մինչև դատաիրավական բարեփոխումներ ու ԶԼՄ-ների աշխատանք:
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:
Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է առաջնահերթ դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից և որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում, այլ լրացում են իրար:
Պաշտպանը խոսել է նաև Հայաստանի բնակչության խաղաղ ու անվտանգ ապրելու, սեփականության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքների երաշխավորման համար ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է այդ առաջարկն արտացոլող ԵԽԽՎ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի բանաձևի խիստ կարևորությունը:
Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։
Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ:
Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ցույց է տվել, որ դատական գործընթացների անլիարժեք աշխատանքի պատճառով մարդիկ պահվում են, օրինակ՝ հոգեբուժարաններում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի կարևորության մասին, նշել, որ մի քանի հիմնարար հարցերով դիմել է Սահմանադրական դատարան՝ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցերով համազեկուցողների հետ
- ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին հյուրընկալել են «Հայաստան» խմբակցության անդամները
- ԵԽԽՎ համազեկուցողները մոնիտորինգային այց կկատարեն Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում