Վրաստանում մեքենաների վրա կատալիզատոր ունենալը դառնում է պարտադիր
Վրաստանում 2022 թվականի հունվարի 1-ից մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) առկայությունը դառնում է պարտադիր։ Jnews-ի հաղորդմամբ, սույն կանոնակարգը վերաբերում է Վրաստանում 2020 թվականի ապրիլից հետո մաքսազերծված և գրանցված տրանսպորտային միջոցներին։
Վրաստանում կատալիզատոր ունեցող մեքենաները բավականին քիչ են։ Սպառողական շուկայում մեքենաները հիմնականում վաճառվում են առանց կատալիզատորի, որոնք կամ երկրորդ անգամ են վաճառվում, կամ վարորդները իրենք են որոշում հանել ու վաճառել դրանք։
Մեքենաների կատալիզատորը զտում է վառելիքի այրման հետևանքով վնասակար արտանետումները։ Ինչպես հայտնի է, գործարանային կատալիզատորը պարունակում է թանկարժեք մետաղներ, և դրա հալեցման արդյունքում կարող են ոսկի ստանալ։
Տեխնիկական տեսչության ասոցիացիայի ղեկավար Վաժա Իորդանիշվիլին Rustavi2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել է, թե ո՞ր տեսակի և ո՞ր թվականից ներկրվող մեքենաները կենթարկվեն ավելի խիստ կանոնակարգման.
«Կատալիզատոր ունենալու կամ տեղադրելու պահանջը բոլոր տեսակի մեքենաների համար չէ։ Սույն կանոնակարգը վերաբերում է 2020 թվականի ապրիլից հետո մաքսազերծված և գրանցված տրանսպորտային միջոցներին։ Նրանց համար կատալիզատոր ունենալը պարտադիր կլինի։ Ինչ վերաբերում է 2022 թվականին, ապա այստեղ արտանետումների մեջ CO պարունակության նորմը խստանում և նվազում է։ Եթե 2021 թվականին այն կազմել է 0,6%, ապա 2022 թվականին այն գրեթե կկրկնապատկվի, իսկ թույլատրելի ստորին սահմանը կկազմի 0,5% և 0,3%, ցածր և բարձր պտտման դեպքում։ Հետևաբար, ճիշտ է, կատալիզատոր ունենալը ոչ բոլորից կպահանջվի, բայց նորման բավականին խիստ է»։
Արտանետումների գործակիցը ստուգվելու է տեխզննման կենտրոններում, հատուկ սարքի միջոցով, միայն դրանից հետո կորոշվի, թե որքան լավ է աշխատում կատալիզատորը։
Մասնագետներն ասում են՝ ամենաէժան և հեշտ կատալիզատորը տեղադրելը կսկսվի 600 լարիից, որն էլ ունի աշխատելու 1 տարվա երաշխիք։ Սակայն դա կախված է նաև մեքենայից։
Մեքենաներում կատալիզատորների տեղադրումը երկարաժամկետ հեռանկարում էկոլոգիապես մաքուր քաղաքի նախապայմանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա