Մեր թագուհիները զինվորներ էին
Թարիրա, Սաթենիկ, Փառանձեմ, Կատրանիդե Բ, Խոսրովանույշ, Վանենի, Զաբել, ... Հայոց թագուհիներ, ովքեր շատ բան են փոխել ինչպես իրենց արքա ամուսինների կյանքում, այնպես էլ հայոց պատմության ընթացքի մեջ։
Հայոց թագուհիներ, ովքեր բացի կին և մայր լինելուց, նաև եկեղեցու կառուցողներ ու սուրը ձեռքներին հայրենիքի պահապաններ էին։ Հենց հայոց արքունիքի տիրուհիների մասին է պատմում «Հայոց թագուհիներ» ֆիլմը։
Վավերագրական ֆիլմ՝ հիմնված գիտակ ու նշանավոր պատմաբանների աշխատությունների, գիտական փաստերի վրա, համեմված վերակերպավորված պատմական հերոսների խաղարկային դրվագներով: Ֆիլմի պրոդյուսերը և ռեժիսորը Արտակ Ավդալյանն է, խաղարկային տեսարանների ռեժիսորը՝ Դավիթ Ավդալյանը։ Փաստավավերագրական ֆիլմի համար հիմք է հանդիսացել պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը։
Panorama.am-ի հետ զրույցում Արտակ Ավդալյանը պատմեց, որ Արտակ Մովսիսյանի հետ շատ ֆիլմեր են նկարահանել՝ «Ժայռապատկերներից մինչև այբուբեն», «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» Երևանի պատմության մասին, «Պատմության կեղածարարները. Ադրբեջան» և այլն, որոնք բոլոր 4-5 լեզուներով են։
««Հայոց թագուհիներ» ֆիլմի գաղափարը ևս Արտակ Մովսիսյանն էր, ով 2020 թվականին մահացել է կորոնավիրուսից։ Մինչ այդ իր հետ սկսել էինք ֆիլմի մասին խոսակցությունները, աշխատանքները, տեքստերի քննարկումները, որոշ հարցազրույցներ էինք արել գիտնականների, հայագետների, պատմաբանների, նաև Արտակի հետ»,- ասաց ռեժիսորը։
Ա. Մովսիսյանի մահից հետո ֆիլմի նկարահանումները դադարեցվել էին, քանի որ հենց նա էր ֆիլմի համար ֆինանսներ գտնում։
«Մենք ֆինանսավորում չունեինք, բայց նկարահանող խմբով որոշեցինք մեր հնարավորությունների սահմաններում շարունակել նկարահանումները, Արտակի աշխատանքը կիսատ չթողենք։ Մենք վերսկսեցինք նկարահանումները, մեր կողքին կանգնեցին Արտակի մի քանի ընկերները Գերմանիայից, ԱՄՆ-ից, որոշ չափով ֆինանս հատկացրեցին»,- ասաց Ա. Ավդալյանը։
Խաղարկային տեսարաններով փաստավավերագրական ֆիլմում հագուստների, թագերի, արդուզարդի հեղինակը ճարտարապետ-3D վերակազմող և պատմական հագուստների հետազոտող, վերարտադրող Ռուբեն Սարգսյանն է, թիմի հետ աշխատում է նաև դիզայներ Լուսինե Դադայանը, զգեստները կարում է Զոյա Ասլիկյանը։
«Բոլոր դերասանները մեզ մոտ կամավորներ են։ Անցած ֆիլմերում էլ Արտակի հետ որոշել էինք որևէ պրոֆեսինալ, արդեն էկրանին շատ երևած դերասան չպետք է լինեն։ Մասնագիտությամբ կան դերասաններ, ոչ դերասաններ։
Մենք հատուկ ոչ թե սարքած գեղեցիկ մարդկանց ենք ընտրում, այլ բնավորություն, խարիզմա ունեցող մարդկանց ենք փնտրում և գտնում մեր թագուհիներին մարմնավորելու համար»,- ասաց Ա. Ավդալյանը։
Նա նշեց, որ հագուստները, թագերը, զարդեր փորձում են հնարավորինս ներկայացնել այնպես, ինչպես եղել են պատմական տվյալ ժամանակաշրջանում, այսինքն ամեն ինչ անել այնպես, ինչպես իրականում եղել է։
«Մեր թիմում կան պատմաբաններ։ Մեր կողքին է Արտակի ընկերներից ԵՊՀ դասախոս Միքայել Մալխասյանը, ով մեր սցենարի հեղինակ Ասյա Սահակյանի հետ աշխատում է տեքստերի վրա։ Որոշել ենք ոչինչ չծաղկեցնենք, չավելացնենք, չպակասեցնենք։ Սա ուսումնասիրություն է, իրականությունը, թե ինչպիսին են եղել մեր թագավորները, թագուհիները, ինչ գործեր են կատարել մեր հայրենիքի, ազգի համար՝ և լավ, և վատ։ Բնականաբար, աշխատում ենք ավելի շատ լավը ցույց տալ»,- ասաց ֆիլմի պրոդյուսերը։
Արդեն նկարահանվել է 15 խաղարկային տեսարան, ամեն մի տեսարան մի թագուհու մասին է։
«Արտակի գիրքը հիմք ենք վերցնում, բայց գրքում չկան փոքր Հայքի թագուհիները, Կապադովկիայի, Կիլիկյան թագավարությունից հետո պետականության նմուշներ կրող կիսաանկախ իշխանապետությունների իշխանուհիները, ովքեր կամուրջներ, եկեղեցիներ են կառուցել, օգնել մարդկանց, եղել իրենց ամուսինների կողքին ու հավասար կռվել»,- նշեց Ա. Ավդալյանը։
Ֆիլմը հավանաբար բաղկացած կլինի 45 րոպեանոց 2-3 մասերից։ Ֆիլմում էլ, ըստ ռեժիսոր, ինչպես դարերի ընթացքում մեկը մյուսին հաջորդում էին դինաստիաները, ներկայացված է հայոց պատմության շարունակականությունը։
Ա. Ավդալյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ ֆիլմն ամբողջությամբ պատրաստ կլինի։
«Կախված է գումարից։ Այս ամսվա ընթացքում էլ կշարունակենք նկարահանումները։ Նոր զգեստներ, աքսեսուարներ են անհրաժեշտ։ Եթե կարողանանք նոյեմբերին ավարտել խաղարկային տեսարանների նկարահանումները, միգուցե դեկտեմբերին սկսվեն մոնտաժային աշխատանքները, սակայն չեմ կարող ասել, թե երբ պատրաստ կլինի»,- ասաց ռեժիսորը։
Նա նշեց, որ պետական աջակցություն ստանալու համար չեն դիմել պատկան մարմիններին. «Վաղուց արդեն պետությանը չեմ դիմում մեր նախագծերի համար։ Մեկ անգամ Արտակի հետ դիմել ենք, հիասթափություն ենք ունեցել։ Ինչքան էլ կառավարությունը փոխվեց, որևէ ազգային բան չտեսա մեր իշխանավորների մոտ։ Առավել ևս հիմա չեմ տեսնում, որ մեր կառավարությունը կցանկանա նման ֆիլմ ֆինանսավորել։ Միայն 2018-ին «Հազարամյակների ճամփորդը» ֆիլմն է պետական ֆինանսավորում ունեցել»։
Ֆիլմի նկարահանումներն իրականացվում են ՀՀ տարբեր վայրերում՝ Գառնիի ձորում, Արզնիի ձորում, Հաղպատի վանքում, նկարահանումներ կլինեն Սանահինում, Ախթալայում։ Սանահինի կամուրջը կառուցել է Վանենի թագուհին։ Ռեժիսորի խոսքով, թագուհու հետ կապված տեսարանը նկարահանել են հենց այդտեղ։
««Հայոց թագուհիներ» ֆիլմի ասելիքն այն է, որ մեր թագուհիները զինվորներ էին, կառուցող էին, երիտասարդ թագավոր դաստիարակող էին, ամուսինների հետ կիսում էին պետության, ազգի, հայրենքի հոգսերը։ Հենց դրա մասին է ֆիլմը՝ ինչ են արել հայրենիքի համար, ինչու ենք հենց իրենց հիշում։ Զաբելը հիվանդանոց էր կառուցել, աշխատում էր այնտեղ, օգնում մարդկանց, Փառանձեմը Պապ թագավոր էր մեծացրել, դաստիարակել, ինքն էլ սուրը ձեռքին մի ամբողջ տարի պետության գլուխ անցած դիմադրել պարսիկներին, միայն գերի ընկելուց հանձնվել։
Նման թագուհիներ ենք ունեցել»,- ասաց ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր Արտակ Ավդալյանը։
Լուսանկարները՝ Հայոց Թագուհիներ/Armenian Queens ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան