Curiosity-ն Մարսի վրա կրկին օրգանական նյութեր է հայտնաբերել
Ելնելով այսպես կոչված «Բագնոլդ ավազաթմբեր» տեղանքում հողի նմուշների ուսումնասիրության արդյունքներից, որն իրականացրել է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը, գիտնականները եզրակացրել են, որ Մարսի մակերեսին գոյություն ունեն օրգանական նյութերի մեծ պաշարներ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Սա արդեն օրգանական նյութերի երկրորդ ենթադրյալ «պահեստն» է Կարմիր մոլորակի վրա։ Հետազոտության նկարագրությունը հրապարակվել է Nature Astronomy գիտական ամսագրում։
«Մենք հողի այս նմուշներում ամինաթթուներ չենք գտել, սակայն կան բենզոլի և ամոնիակի ածանցյալներ, ֆենոլներ, ֆոսֆորաթթու և բարձր մոլեկուլային միացություններ: Մենք դեռ չենք պարզել այդ նյութերի ծագումը»,- նշել են հետազոտողները։
Curiosity-ն Մարսի վրա առաջին օրգանական նյութը հայտնաբերել է մոտ երեք տարի առաջ Գեյլ խառնարանի կենտրոնական մասում: Խոսքը մարսիական ապարների նմուշներում բենզոլի ածանցյալների հետքերի մասին է, ինչպես նաև ծծմբի միացությունների և մի շարք պարզ ածխաջրածինների: