Թամար Պողոսյան. Կարևոր է իշխանության կողմից ընձեռված հնարավորությունն օգտագործել արդյունավետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու որոշմանը հեշտությամբ չի հասել. եղել են թեժ քննարկումներ, դեմ-ի և կողմ-ի բավականին բուռն տարակարծություններ, սակայն վերջնական տարբերակին ծանոթանալուց հետո և գիտակցելով դրական բարելավման միտումները, կայացվեց միասնական որոշում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական Թամար Պողոսյանը:
«Մեր կուսակցության անդամները համոզվեցին, որ կարևոր է իշխանության կողմից ընձեռված հնարավորությունը, որը նպաստելու է երկրի զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասաց նա:
Թ. Պողոսյանի խոսքով, բարեփոխումների նախնական և վերջնական տարբերակները բավականին տարբերվում են իրարից, քննարկումներից հետո վերջնական տարբերակն էապես բարելավվեց:
ԲՀԿ-ական գործչի կարծիքով, երկրում առկա բոլոր հիմնախնդիրները պայմանավորված չեն գործող Սահմանադրությամբ, կամ բոլոր խնդիրները լուծվելու են սահմանադրական փոփոխություններից հետո: Ըստ նրա, առկա խնդիրների մի մասն ունեն լուրջ քաղաքական արմատներ, մի մասը բարքերի հետևանք են, որոնք երկրում օրենքի, օրինականության պակասի հետևանքով ստեղծված իրավիճակ են:
Թ. Պողոսյանի խոսքով, եթե ժողովուրդը չի հավատում, որ երկրում իրավական առումով, օրենսդրական ճանապարհով կարող է պաշտպանել իր իրավունքները, եթե վստահություն չկա արդարադատության, իշխանության նկատմամբ, երկրում արտագաղթի տեմպերն աճում են, այսպիսի պայմաններում իշխանությունը պարտավոր է ձեռնարկել լուրջ քայլեր, և իշխանությունը, ի դեմս Հայաստանի նախագահի, նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը:
Նա նշեց, որ այսօր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարբեր ուժերի դիրքորոշումը կարծես վերածվել է «այո»-ի և «ոչ»-ի ճակատների պայքարի, սակայն բոլորովին այն դեպքը չէ, որ պետք է տարբեր բևեռներ միմյանց դեմ դուրս գան:
Թ. Պողոսյանի խոսքով, այսօր յուրաքանչյուրի խնդիրն է իր դիրքորոշումները ներկայացնել ժողովրդին և միայն ժողովուրդն ինքը կորոշի՝ հավատում է սահմանադրական բարեփոխումներին, թե ոչ, կողմ է, թե դեմ. «Ինչպիսի որոշում էլ կայացնի ժողովուրդը, մենք պարտավոր ենք ընդունել առանց ավելորդ պարտությունների և հաղթանակների գնահատականների»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան