Մեծ Բրիտանիայում շների համար հեռուստաալիք է ստեղծվում
Գաղտնիք չէ, որ որոշ ընտանի կենդանիներ սիրում են հեռուստացույց դիտել։ Մեծ Բրիտանիայում նրանց համար հեռուստաալիք կլինի. ճիշտ է՝ ոչ բոլորի, այլ միայն շների համար։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այն կցուցադրի կենդանահոգեբանների կողմից հաստատված ծրագրեր։
Մասնագետները կարծում են, որ դա կօգնի նվազեցնել անհանգստության և սթրեսի մակարդակը չորքոտանիների մոտ:
DogTV-ի գործարկման մասին հաղորդագրությունը հայտնվել է Թվիթերում։ Դրա ստեղծողները հայտնել են, որ իրենց առաքելությունն է բարելավել շների կյանքը ամենուր: Օրինակ, այն շների համար է, որոնք վախենում են մենակ մնալ կամ շատ են ձանձրանում, երբ տերը կողքին չէ։ Հեռուստաալիքը կցուցադրի նաև հաղորդումներ, որոնք կօգնեն շներին ընտելանալ տարբեր հնչյուններին, որոնց նրանք կարող են լսել՝ լինի դա մեքենաների աղմուկը, թե դռան զանգը:
Ալիքի ստեղծողները պնդում են, որ շներն իսկապես հետաքրքրությամբ են հեռուստացույց դիտում. նրանք արձագանքում են իրենց տեսածին։ Ամենից շատ նրանց ուշադրությունն են գրավում այլ շների, տարբեր կենդանիների ու շարժվող առարկաների կադրերը։
Մասնագետները նշում են, որ շները հեռուստացույց «դիտում» են տարբեր կերպ։ Պարտադիր չէ, որ շունը հետևի այն ամենին, ինչ տեղի է ունենում էկրանին. նրան կարող է հանգստացնող երաժշտություն դուր գալ, և նա հանգիստ պառկի կողքին։ Իսկ եթե տերը մոտ է, ապա ընտանի կենդանին, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ ուշադրություն կդարձնի նրան, ոչ թե հեռուստացույցին։