ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. ՏԱՍՍ
Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ։
«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր ոլորտներում։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ համարժեք հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,-ասվում է փաստաթղթում:
Ըստ ՏԱՍՍ-ի, դիվանագիտական ծառայությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն առ այն, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին «Լեռնային Ղարաբաղն անջատելուն», Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»:
«Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, ծառայում են ակնհայտ արտաքին պատվերին և իրականության հետ որևէ կապ չունեն», - նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարությունան հայտարարության համաձայն, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է չափազանց հարգալից վերաբերմունք Երևանի և Բաքվի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։
«Մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, և դա նորմալ է: Բայց արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ <...> Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` դրան հաջորդելիք սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման իր հարուստ փորձը այլ երկրների հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
ՌԴ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով. «Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց։ Համանախագահների պլաններն են՝ այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»։
ՌԴ ԱԳՆ-ից հիշեցնում են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ութ հանդիպումների արդյունքում ներկայացվել է զեկույց, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ երթուղիներ՝ վերականգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապը՝ ելքով դեպի հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցություններ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և կներգրավի լրացուցիչ ներդրումներ։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» միջազգային զարկերակի իրագործնման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս։
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հաղորդագրության մեջ նշվում է, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են։
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Այսօրվա երկկողմանի շրջափակումը դառնալու է եռակողմ՝ ապաշրջափակման կեղծ քողի տակ
- Ի՞նչ են քննարկել Լավրովն ու Միրզոյանը
- Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3 + 3» մեխանիզմի հեռանկարները
- Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան
- ՌԴ ԱԳՆ. Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ ռազմագերիների վերադարձի հարցով
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք օժանդակել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի նորմալացմանը՝ դեէսկալացիոն միջոցառումներով և սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան