Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։ Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում էին տեղակայված նաև գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին, և վերանորոգվել 2012 թվականին։
Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։ Հավելենք, որ մինչ ադրբեջանական օկուպացիան արված տեսանյութը փաստում է, որ կանգուն էին դպրոցն ու նրան կից հուշարձանը։
Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից, ում անասնագոմերը հենց այս տարածքում էին գտնվում։ Գյուղական համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի կառուցվել է 1904 թվականին։ Եկեղեցու պատը վնասված էր, տանիքը՝ նույնպես։
Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում»։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ի արձագանքը՝ սկզնազբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանական ճանապարհները» և վտանգված հայկական մշակութային ժառանգությունը. monumentwatch.org
- Հանցագործություն է կատարվել, որ Արցախում այդքան թանգարաններ մնացել են Ադրբեջանի մոտ. Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր
- Այո, ես պնդում եմ, մենք մեր պատմամշակութային ժառանգությունը նվիրեցինք թշնամուն. Արեգնազ Մանուկյան
- Մոտ 2000 օկուպացված հուշարձան կա. Արցախի ԿԳՄ նախարար
- «Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում». monumentwatch.org
- Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի հուշահամալիրը
- Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ մարշալ Խանփերյանցի արձանը
- Ադրբեջանցիներն ավերել են Արցախի գինու գործարաններից մեկը