Չինաստանը Երկրի հեռավար զոնդավորման մի շարք արբանյակներ է արձակել տիեզերք
Չինաստանը շաբաթ օրը հաջողությամբ իրականացրել է Երկրի հեռավար զոնդավորման Yaogan-35 երեք արբանյակի արձակումը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը։
Արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12:00-ին (երևանյան 07:00) Սիչուան նահանգում գտնվող Սիչան կայանից: Արբանյակներն ուղեծիր են ուղարկվել «Չանչժեն-2Դ» (Long March-2D) հրթիռակրի օգնությամբ:
Yaogan շարքի արբանյակները նախագծվել են երկրային մակերեսի ուսումնասիրության, բերքատվության գնահատման համար: Դրանք կարող են կիրառվել տարերային աղետների հետևանքները վերացնելիս: