Պատրիկ Ռոուզը Հայաստանում է՝ գտնելու հայ գիտնականների ամենատարօրինակ թվացող գաղափարները
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ մեկշաբաթյա այցով Հայաստանում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը:
ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնել է իրենց ճանաչողական այցի նպատակները, ներկայացրել է ֆինանսավորման հնարավորությունները, որոնցից հայ գիտնականները կարող են օգտվել առաջադեմ հետազոտությունների իրականացման համար:
Պատրիկ Ռոուզը նաև ներկայացրել է Հայաստանում գիտական ու տեխնոլոգիական ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային նախագծերի (blue sky ideas) ֆինանսավորման հեռանկարներն ու ծրագրերը։
ԱՄՆ-ի ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակը (ONRG) և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնը (ITC) ԱՄՆ ռազմածովային նավատորմի և ԱՄՆ բանակի միջազգային դրամաշնորհային ֆինանսավորման ծրագրերն են, որի շրջանակում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է շուրջ 200 այց՝ ավելի քան 47 երկրներում։ Այցերի նպատակն է որոնել հեռանկարային գիտական հետազոտություններ, տեխնոլոգիաների ոլորտում նորարար ու հեղափոխական գաղափարներ և ստարտափերի, աջակցման ու ֆինանսավորման տարբեր մեխանիզմների միջոցով խթանել այդ ծրագրերի զարգացումը։
«Մենք փնտրում ենք գաղափարներ, որոնց գուցե ոչ ոք չի հավատում, որոնք առաջին հայացքից անհնարին ու չափից դուրս անիրատեսական են թվում»,- նշել է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը։
Նա նշել է, որ Հայաստանում համագործակցություն մեկնարկելու գրավիչ կողմերից մեկը Հայաստանի գիտակրթական հարուստ պատմությունը, գիտության զարգացման հեռանկարները, ներուժը և այնպիսի էկոհամակարգերի առկայությունն է, ինչպիսին օրինակ FAST հիմնադրամն է։
«Մենք հրավիրում ենք հայ գիտնականներին ներկայացնելու իրենց ամենատարօրինակ թվացող գաղափարներն ու գիտական հետազոտությունները։ Աշխատելու ենք անմիջապես գիտնականների հետ՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ ռեսուրսներ են պետք գաղափարները կյանքի կոչելու համար։ Սա Հայաստանի հետ մեր առաջին համագործակցությունն է, բայց հուսով եմ, որ սա դեռ տարաբնույթ համագործակցությունների սկիզբն է»։
Մասնավորապես այցեր են նախատեսվում հետևյալ հաստատություններ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Բյուրականի աստղադիտարան, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Բացի այդ նախատեսված են հանդիպումներ հայկական տեխնոլոգիական կառույցների, տարբեր ստարտափ ընկերությունների ու ստարտափ հաբերի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում նաև նոյեմբերի 10-ին ժամը 15:30-ին, և նոյեմբերի 11-ին ժամը 15:00-ին FAST հիմնադրամում նախատեսվում են բաց հանդիպումներ երիտասարդ գիտնականների, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների և ստարթափերի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան