Պիպոյան. Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին պատկերացում կազմելու համար պետք է կարդալ «Տաշիր Պիցցա»-ի հայտարարությունը
«Որպեսզի պատկերացնենք, թե ինչ որակի վրա է գտնվում սննդամթերքի անվտանգության վերաբերյալ պետական վերահսկողությունը մեր երկրում, պետք է նշել, ունենք 171 թունավորում, բայց ցանցի գործունեությունը կասեցվում է բիզնեսի բարի կամքով»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Տաշիր Պիցցա»-ում սնվելու հետևանքով թունավորումներին՝ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա ընդգծում է, ոչ թե պետությունն է կասեցնում բիզնեսի գործունեությունը, այլ բիզնեսն է կասեցնում իր կամքով։
«Քանի դեռ բացահայտված չէ, թե որտեղից կարող է լինել խնդիրը, հիմնավոր կասկածը պետք է բավարար լիներ գործունեությունը կասեցնելու համար»,-ասաց Պիպոյանը։
Հրապարակված պաշտոնական վերջին տվյալներով, նոյեմբերի 5-ին «Տաշիր Պիցցա»-ում սնվելուց հետո թունավորման 171 դեպք է գրանցվել քաղաքացիների շրջանում։ Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն: Փորձաքնության համար անհրաժեշտ է 5- 7 օր:
Թունավորումների վերաբերյալ շատ հարցեր դեպքից օրեր անց էլ մնում են անպատասխան։ Հայտնի չէ, թե հումքը ո՞ր երկրից է տեղափոխվել, անցե՞լ է սահմանային վերահսկողություն, թե՞ ոչ, բացի «Տաշիր պիցցա»-ից ի՞նչ ընկերությունների է մատակարարվել, ի՞նչ պայմաններում է պահվել։
«Սննդամթերքի անվտանգությունը մեր երկրում համակարգային առումով բերել հասցրել են մի այնպիսի մակարդակի, երբ քաղաքականության մշակումից ՍԱՏՄ-ն լրիվ դուրս է մնացել, սա արդեն պետության դիրքորոշման մասին է խոսում։ Ես ի սկզբանե ասել եմ, որ այս համակարգը կգնա քանդման, եթե ինստիտուցիոնալ խնդիրները չլուծենք»,-ասում է ՀԿ նախագահը՝ ընդգծելով, չի կարելի պետական թույլ վերահսկողություն իրականացնել՝ պաշտպանելով բիզնեսին։
Նա նշում է, բիզնեսին պետք է աջակցել այլ գործիքակազմով, բայց իրականացնել պատշաճ վերահսկողություն սննդամթերքի անվտանգության նկատմամբ։
Հիշեցնենք, որ սա իշխանափոխությունից հետո քաղաքացիների շրջանում թունավորման երկրորդ լուրջ դեպքն է։ Առաջինը գրանցվեց 2020-ի սեպտեմբերին, պաշտոնական հաղորդագրության համաձայն, 10 մարդ մահացավ։
«Պետությունն այս գործով ձեռքերը լվաց, ավելին որևէ ցավակցական ուղերձ ուղղված մահացածների ընտանիքներին չլսեցինք։ Ես այդ ժամանակ տվել էի գնահատական՝ սա իշխանության վերաբերմուքն է մարդկային կյանքերի նկատմամբ։ Իհարկե հետո եղավ պատերազմ, մենք ավելի վատ դրսևորումներ տեսանք, բայց առաջին դրսևորումն այդ թունավորման ժամանակ էր։ Հանրային դաշտում չքննարկվեց, թե ինչպես էր այդ սպիրտը հայտնվել արմավիրցի տնտեսվարողի մոտ»,-արդեն հնչեցրած մտահոգությունները կրկնեց Պիպոյանը՝ ընդգծելով, որ դրանք խոսում են պետական անփույթ վերահսկողության մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Տաշիր պիցցա»-ից օգտված և «աղիքային վարակով» հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 122-ի
- «Տաշիր պիցցա»-ից օգտված, աղիքային վարակով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի
- «Տաշիր պիցցա»-ից օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի
- «Տաշիրի պիցա»-ի երկու մասնաճյուղերի ողջ սննդամթերքից, հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել փորձաքննության. ՍԱՏՄ
- 15 քաղաքացի «Տաշիրի պիցա»-ում սնվելուց հետո թունավորվել են