Զախարովան ԱՄՆ-ի ժողովրդավարության գագաթնաժողովի մասին․ Աշխարհն այժմ պետք է բաժանվի ևս մեկ սկզբունքով
Միացյալ Նահանգների կողմից հրավիրված Ժողովրդավարության գագաթնաժողովը նպատակ ունի ցույց տալ, որ հավաքական Արևմուտքն իբր ունի որոշակի միավորող օրակարգ։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass-ը։
«Ժողովրդավարության այս գագաթնաժողովը ևս մեկ երևույթ է, որը պետք է ցույց տա, որ հավաքական Արևմուտքն ունի որոշակի կառուցողական, միավորող օրակարգ: Բայց միավորող օրակարգը պետք է ունենա կոնկրետ օրինակներ գործնականում, այլ ոչ թե միայն տեսական հերյուրանքներ, որոնք հետո ավարտվեն նոր սկանդալներով»,-ասել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ մինչ ԱՄՆ-ում պահպանվում են ներքին հակասությունները, նրանց աշխարհում իրենց «առաջնորդական հայտը» չի վերացել, և Վաշինգտոնը պետք է ինչ-որ բան անի՝ «հաջորդ կոալիցիան» հավաքելու համար։
«Մի գլոբալ բան, որը կարող է ստեղծել արևմտյան աշխարհի միասնության զգացում, բավական է։ Եվ այսպես կոչված, ի պաշտպանություն ժողովրդավարության գագաթնաժողովը հորինվեց, ի՞նչ է դա։ Ինչպես պատկերացրել են հեղինակները, աշխարհն այժմ պետք է բաժանվի ևս մեկ սկզբունքով՝ ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական երկրների»։,- ասել է Զախարովան:
Դիվանագետը հիշեցրել է, որ միևնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է «խելամիտ պահպանողականության» հայեցակարգը, որն «աշխարհում կպահանջի իսկական առաջնորդություն»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրավիրում է Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով։ Ակնկալվում է, որ առաջիկա գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի դեկտեմբերին, կքննարկի երեք հիմնարար թեմա՝ պաշտպանություն ավտորիտարիզմից, կոռուպցիայի դեմ պայքար և մարդու իրավունքների հարգանք։
Տարածաշրջանային երկրներից գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանն ու Վրաստանը։ Հայաստանից ու Վրաստանից զատ հետխորդային երկրների շարքում գագաթնաժողովին հրավիրված են նաև Մերձբալթկյան երկրները, Ուկրաինան և Մոլդովան: Մերձավոր Արևելքից հրավիրյալների ցուցակում են միայն Իսրայելն ու Իրաքը, իսկ եվրոպական երկրներից մասնակիցների շարքում բացակայում է Հունգարիան: Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրավիրվել գագաթնաժողովին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին