Արցախը երբեք Ադրբեջանի կազում չի լինելու և Հայաստանը չի թուրքացվելու․ զոհված զինծառայողի մայր
«Մամ հիշիր, ինչ էլ լինի դու գլուխդ բարձր ես քայլելու»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում ուսուցչուհի Էլիզաբեթա Բուդաղյանն իր ելույթը սկսեց արցախյան պատերազմում զոհված որդու Արման Օհանջանյանի խոսքերով։
«Պատերազմի դաշտից Արմանի այս խոսքերը ամբողջ մեր տղաների դիմումն է իրենց մայրերին։ Հիմա ես եմ դիմում Ձեզ՝ հերոսածին մայրեր, հայրեր, գլուխներդ բարձր պահեք։ Այդ թշնամին է ուզում, որ մենք խեղճանանք, կոտրվենք ու սգի մեջ ապրենք»,- ասաց Բուդաղյանը։
Դիմելով ողջամիտ մարդկանց՝ տիկին Բուդաղյանը կոչ արեց թույլ չտալ, որ մեր երկիրը բզկտեն։
«Հավաքվել ենք ասելու, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազում չի լինելու և Հայաստանը չի թուրքացվելու։ Մեր տղերքը կռվել են իրենց երկրային կյանքն են տվել, որ մենք արժանապատիվ ապրենք։ Մենք իրավունք չունենք խեղճանալու, խեղճի դիրքերից հանդես գալու։ Իսկ այսօր ՀՀ ղեկավարությունը խեղճի դիրքերից է հանդես գալիս։ Նրանք այնքան են խեղճացել, որ ինչ պարտադրում են, ինչ առաջարկում են այդպես էլ անում են», ընդգծեց զոհված զինծառայողնի մայրն ու կրկին հնչեցրեց որդու խոսքերը․
«Կամավոր մարտի դաշտում հայտնված իմ Արմանը դեռ հոկտեմբերի սկզբներին համոզված էր և ասում էր՝ «մամ, իմացիր, այս հողերն ու մեր կյանքերն էլ հետը այս իշխանությունները նվիրելու են Ադրբեջանին»։ Իմ 23 տարեկան Արմանը, որ արդեն հասցրել էր ամուսնանալ ու մի հրաշք տղա ունենալ, կամավոր մեկնեց, ինչպես ինքն էր ասում ՝ «գնում եմ , որ իմ տղան չգնա, չկռվի և հարկադրված չլինի պատերազմ գնալու»։
Շատ շատերն այդ օրերին դիմեցին զինկոմիսարյատներ, սակայն մերժում ստացան։ Արդեն հասկանալի էր ,որ մարտի դաշտում փորձ ունեցողներին չէին թողնում Արցախ մեկնել, իմ որդին այնուամենայնիվ մեկնեց ու ռազմի դաշտում հասցրեց տեսնել մեր տղերքի ու հրամանատարների սխարքներն ու զգալ «նահանջ» հրամանի հետևանքները, դավաճանությունները։ Արմանս զոհվեց ոչ թե թշնամու «քաջագործությունների» հետևանքով, այլ արտաքին ու ներքին թշնամիների»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը։
Օհանջանյանի մայրը պատմեց, որ հոկտեմբերի 20-ին Իշխանաձորի մոտ կապ են տվել և ասել են, որ վիրավորներ կան պետք է օգնության հասնել։ Վարորդը և Արմանը գնացել են վիրավորներին փրկելու։
«Պարզվում է վիրավորները հայ համազգեստով թուրքեր են, մոտեցել են ու սկսել են կրակել, Արմանը վիրավորվել է։ Բայց մինչև օգնությունը կհասներ, որդիս զոհվում է»,- պատմեց զոհված կամավորականի մայրը։
Էլիզաբեթա Բուդաղյանը ելույթն ավարտեց զոհված տղայի խոսքերով․ «Մի տեսագրություն էր արել զոհվելուց առաջ, որում ասում էր՝ «լավ է լինելու սաղ, հաստատ լավ է լինելու»։
Կնոջ ելույթից հետո ներկաները վանկարկում էին «դավաճան Նիկոլ»։
Հարակից հրապարակումներ`
- Ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլացիայի․ Իշխան Սաղաթելյան
- Սա իշխանության կռիվ չէ, սա ազգի գոյության պայքար է․ Արծվիկ Մինասյան
- Ազատության հրապարակում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան