237 մլն դրամ սոցիալապես անապահով երեխաներին և 324 մլն դրամ միջազգային օլիմպիադայի համար. ԿԳՄՍ 2022թ.-ի բյուջե
«2022 թվականին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրականացնի 176 միջոցառումով 21 ծրագիր, ինչի համար կհատկացվի 226.3 մլրդ դրամ, որը 2021թ. 177.6 մլրդ դրամից ավել է 48.6 մլրդ դրամով (27.4 %)»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության 2022 թ. բյուջեն:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նախարարից փորձեց ճշտել, թե Աջակցություն արտասահմանում սովորող ուսանողներին տողով նախորդ տարվա հատկացված 94 մլն դրամը ինչո՞ւ 2022թ. բյուջեում չկա:
Տիգրան Խաչատրյանը հորդորեց այդ և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի մեկ այլ հարցն ուղղել ԿԳՄՍ նախարարին:
Նախարար Վահրամ Դումանյանը, սկսելով իր ղեկավարած ոլորտների բյուջեի ներկայացումը, ասաց. «Նախարարության ոլորտն այնքան լայն է, որ նույնիսկ անվանումը հաճախ տարբեր կերպ է բարձրաձայնվում»:
Նախարարը հայտնեց, որ 175 մլրդ դրամ հատկացվելու է կրթության ոլորտին, որը նախորդ տարվա համեմատ 23.3%-ով է ավել և դրանով նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակից սովորողների, ինչպես նաև նրանց երեխաների, երկու և ավելի անչափահաս երախա ունեցող ուսանողների ուսման վարձերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կտրամադրվի:
«Հանրակրթության գծով նախատեսված է 112 մլրդ դրամ, կամ 8.8 %-ով ավելի, որի շրջանակներում առաջին անգամ 237 մլն դրամ է հատկացվել սոցիալական տարբեր խմբերի 1.5-5 տարեկան 1670 երեխայի նախադպրոցական կրթության ապահովման համար»,-հայտնեց Դումանյանը և նշեց, որ 3 մլրդ դրամ էլ հատկացվել է մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման համար:
Նրա խոսքով՝ 2022 թ. Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադա, որի համար բյուջեից նախատեսվում է հատկացնել 324 մլն դրամ, իսկ «Սթառմուս» փառատոնի համար կհատկացվի 627 մլն դրամ:
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ 2022 թ. բյուջեով 8 մլրդ դրամ է հատկացվել փոքր քանակով երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցմանը:
Ըստ Դումանյանի՝ կրթության որակի ապահովման ծրագրով 72.4 %-ով ավելացվել է ֆինասավորում, որի շրջանակներում 1.5 մլրդ դրամ ներդրվել է ատեստավորման նոր համակարգի ներդրման համար և 2022 թ. կիրականացվի 5100 ուսուցչի կամավոր ատեստավորում՝ 2021 թվականի 1100-ի դիմաց, իսկ 365.4 մլն դրամ էլ նախատեսված է ուսուցիչների վերապատրաստման համար:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների գծով նախատեսվել է մոտ 22.5 մլրդ դրամ, որը 65.1 %-ով ավել է 2021 թվականի հատկացումից: