Արցախի ԱԺ-ն ընդունել է «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» հայտարարություն
Նոյեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ, որը վարում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը:
Օրակարգում մեկ հարցի քննարկում էր՝ «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» ԱՀ ԱԺ հայտարարությունը, որն ընդունվել է միաձայն։
Հայտարարության մեջ ասված է.
«2020 թվականի աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ագրեսիա է իրականացրել Արցախի Հանրապետության հանդեպ և 44 օր տևած պատերազմի արդյունքում բռնազավթել է հանրապետության տարածքի մեծ մասը:
Իր պատմական հայրենիքից Արցախի բնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր ընտանիքներ են ունեզրկվել և հայրենազրկվել, ոչնչացվել ու պղծվել են ազգային-մշակութային և քրիստոնեական հարյուրավոր հուշարձաններ ու կոթողներ:
Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարով կասեցվել է արյունահեղությունը: Այդուհանդերձ, մեր խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության սպառնալիքը կարող է կանխվել, և տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, գերեվարված մեր հայրենակիցների ու բռնի տեղահանվածների հայրենի օջախներ վերադարձնելու և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, անհետաձգելի քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու և հիմնախնդրի համապարփակ լուծումն ապահովելու նպատակով:
Ոգեկոչելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացների օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական նորմերին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, վերահաստատում է՝ ազատ ու անկախ Արցախը պահպանելու 1988 թվականին ստանձնած հանձնառությունը և Արցախի Հանրապետության ժողովրդի վճռականությունը՝ հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իր իրավունքը պաշտպանելու գործում:
09 նոյեմբերի, 2021թ.
Ք. Ստեփանակերտ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին