Հաշվեքննիչ պալատի դիմաց փակել են դռները և շատ տեղեր թույլ չեն էլ տալիս գնալ. Իշխան Զաքարյան
«Պատրա՞ստ եք այս նախագիծն օրակարգ մցնելու տեսակետից հիմա չքննարկել, քանի որ, ինչպես դուք ինքներդ նշեցիք, կան բավականին շատ առաջարկներ»,- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, այն նախագահող ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Հանձնաժողովը քննարկում էր «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն օրակակրգ մտցնելու հարցը:
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ դիտարկել է SIGMA Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնության առաջարկները նաև ընդդիմության կողնից բավականին մեծածավալ և լուրջ առաջարկներ կան, որոնք օրենքը հիմնարար քննարկման անհրաժեշտություն է առաջացնում, այլ ոչ թե՝ փոքր փոփոխությունների:
Ընդդիմադիր պատգամավորը չհամաձայնեց իշխող խորհրդարանական ուժի առաջարկած փոփոխության հետ, որով նախատեսվում է հանել օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասը, որտեղ ասվում է. «Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություններն Ազգային ժողով են ներկայացվում սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված ժամկետներում և կարգով: Յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշվեքննիչ պալատի նախագահն Ազգային ժողով է ուղարկում այդ եռամսյակի ընթացքում ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը` բաշխված ըստ ամիսների»:
Մինասյանը հայտնեց, որ իրավասու հանձնաժողովի գործունեության ծրագրավորման տեսանկյունից չափազանց կարևոր է, որ կանխատեսելի լինի, թե ինչ ծավալի աշխատանք պետք է իրականացնի Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունն ուսումնասիրելու համար, իսկ այդ դրույթի հեռացումը կսահմանափակի այդ հնարավորությունը:
Գևորգ Պապոլյանը հայտնեց, որ առաջարկվող փոքր փոփոխությունների քննարկումն ու ընդունումը մեծ ծավալի համալիր գործընթացին չի խանգարի:
Նրա պնդմամբ՝ 40-րդ հոդվածը փաստացի կիրառականություն չի ունեցել, քանի որ հանձնաժողովը միշտ ուսումնասիրել է Հաշվեքննիչ պալատի աշվետվությունն՝ այն ստանալուց հետո միայն:
Արծվիկ Մինսյանն առաջարկեց, որ խնդիրը դիտարկվի համակարգային, որը նախատեսում է նաև SIGMA Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնությունը:
Նա հայտնեց, որ 40-րդ հոդվածի դրույթի հանումը պատգամավորներին զրկում է Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունները ավելի խորությամբ ուսումնասիրելու հնարավորությունից:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանն էլ հայտարարեց, որ գործող «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով պալատի դիմաց փակել են դռները և շատ տեղեր թույլ չեն էլ տալիս գնալ:
«Սա ես համարում եմ անընդունելի, քանի որ Հաշվեքննիչ պալատը բյուջեն կատարողականի մասին տեղեկություն ստանալու խորհրդարանի և պատգամավորների միակ գործիքն է»,-հայտնեց Զաքարյանը և առաջարկեց, որ օրենքի նախագիծն ընդունելուց հետո պատգամավորները հայտարարեն, որ ընդունում են «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում համալիր փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորների կողմ ձայներով նախագիծը մտավ օրակարգ: