Նիգերիայում ձերբակալել են երիտասարդի, ով ինքն իրեն փորձել է 50 հազար դոլարով վաճառել
Վերջերս Նիգերիայում 26-ամյա մի երիտասարդ ձերբակալվել է իսլամական ոստիկանության կողմից, նա փորձել է իրեն վաճառել 20 միլիոն նիգերիական նաիրայով (49 000 դոլար): Այս մասին գրում է «Oddity Central»-ը։
Ալիու Նա Իդրիսն առաջին անգամ հայտնվել է նորությունների վերնագրերում հոկտեմբերի վերջին, երբ նրան նկատել են Կարո քաղաքով ստվարաթղթե ցուցանակով քայլելիս: Դրա վրա գրված էր «այս մարդը վաճառվում է 20 000 000 նաիրայով»: Այն ժամանակ 26-ամյա երիտասարդը, որը դերձակ է աշխատում, լրագրողներին պատմել է, որ սկզբում փորձել է վաճառել իրեն Կադունա քաղաքում, բայց գնորդ չի գտել, ուստի տեղափոխվել է Կարո։
Նա նաև բացատրել է, որ ինքն իրեն վաճառելու հուսահատ քյալին է դիմել աղքատության պատճառով՝ պնդելով, որ ծրագրել է գումարի մեծ մասը տալ ծնողներին, իսկ մնացածը պահել առօրյա ծախսերի համար։
«Ինձ վաճառելու որոշումը եղել է աղքատության պատճառով: Ես նախատեսում եմ ծնողներիս տալ 10 միլիոն նաիրա, երբ ի վերջո գնորդ գտնեմ, հինգ միլիոն նաիրա վճարեմ որպես հարկ կառավարությանը, երկու միլիոն նաիրա տամ բոլորին, ովքեր օգնել են ինձ գնորդ ձեռք բերել, իսկ մնացածը կպահեմ ամենօրյա պահպանման համար»,-պատմել է երիտասարդը:
Սակայն նա չի կարողացել իրականացնել իր ծրագիրը, քանի որ այն բանից հետո, երբ իր մտադրությունների մասին լուրերը տարածվել են սոցիալական ցանցերում, նրան բռնել է Հիսբա բրիգադը՝ իսլամի կանոնները խախտելու համար:
«Այո, մենք նրան ձերբակալել ենք։ Այն, ինչ նա արել է, արգելված է իսլամում, դուք չեք կարող փորձել վաճառել ինքներդ ձեզ՝ անկախ ձեր վիճակից և իրավիճակից», - BBC-ին ասել է Հիսբահի հրամանատար Հարուն Իբն Սինան: