Ջանլուկա Մարչիանո. Հայկական երկացանկի իմ ամենասիրելի ստեղծագործությունը Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյին հայ հանդիսատեսը վաղուց է ծանոթ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից Panorama.am-ին ասում են, որ նրա ղեկավարությամբ երաժշտության մեկնաբանությունները մեծ ընդունելության են արժանանում, սիրվում են ու հաճելի պահեր պարգևում դասական երաժշտության սիրահարներին։
Հիշելով, թե ինչից սկսվեց կապը Հայաստանի հետ, Ջանլուկա Մարչիանոն նշում է. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես հրավիրեցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ մասնակցելու Լիբանանում տեղի ունեցող «Ալ Բուստան» փառատոնին: Եթե չեմ սխալվում, 7 տարի առաջ էր։ Երաժիշտների հետ առաջին իսկ վայրկյանից հաճելի համագործակցություն առաջացավ՝ նրանց տպավորիչ հմտությունների ու նաև վերաբերմունքի շնորհիվ։ Այդ ժամանակից իմ մեծ ցանկությունն էր այցելել Հայաստան, և ես դա արեցի»։
Հայ երաժիշտների կատարողական վարպետությունը դիրիժորը բարձր է գնահատում. «Հայ երաժիշտները շատ հմուտ են, անչափ տաղանդավոր ու հաջողակ։ Շատ մենակատարներ ելույթ են ունենում աշխարհի կարևորագույն համերգասրահներում և թատրոններում։ Նույնը կարող եմ ասել կոմպոզիտորների մասին։ Ես առիթ եմ ունեցել լսելու և ներկայացնելու հայ կոմպոզիտորների բազմաթիվ գեղեցիկ ստեղծագործություններ և բացահայտում եմ շատ գլուխգործոցներ։ Իսկ հայկական երկացանկի իմ ամենասիրելի ստեղծագործությունն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան է»։
Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ դիրիժորը նշում է, որ ամեն անգամ նվագախմբի հետ բեմ բարձրանալիս զգում է իրեն ինչպես տանը։
«Մենք ունենք երաժշտության նկատմամբ նույն զգացումները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները մշտապես պատասխանում են իմ ազդակներին իրենց ամբողջ էներգիայով, և ես զգում եմ, որ նրանք լիովին ըմբռնում են իմ ցանկությունները։ Համերգների ընթացքում ելույթ ունենալիս մենք հաճույք ենք ստանում, և ունկնդիրը զգում է դա»,- ասում է Ջանլուկա Մարչիանոն։
Նա՝ որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ գլխավոր դիրիժոր, կարծում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր երկացանկում պետք է ներառի նաև օպերային ամբողջական ներկայացումներ. «Հրաշալի կլիներ ստեղծել նորարար և թարմ ինչ-որ բան՝ ներգրավելով նաև Հայաստանի լավագույն երիտասարդ օպերային երգիչներին»։ Ըստ դիրիժորի՝ օպերային ներկայացումներն է՜լ ավելի կհարստացնեն նվագախմբի համերգացանկը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կապված ամենահետաքրքիր ու տպավորիչ հուշը դիրիժոր Մարչիանոն մտաբերում է «Ալ Բուստան» փառատոնից։
«Համերգային երեկոներից մեկում նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարում էր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան և «Կարապի լիճը» սյուիտը։ Ես նստած էի հանդիսատեսի շարքերում և հիացած ու բացարձակ հպարտ էի այն ամենով, ինչ կատարվում էր բեմում: Վերջում հնչած հոտնկայս ծափահարություններն արժանի հարգանքի տուրք էին երաժշտության ներկայացման բարձր չափանիշներին»,- ասում է Ջանլուկա Մարչիանոն:
Դիրիժորը, անդրադառնալով նվագախմբային արվեստի զարգացման միտումներին և ժամանակակից հանդիսատեսի ակնկալիքներին, նկատում է, որ մեր օրերում նվագախմբերը պետք է շատ ավելի ճկուն լինեն ծրագրերի ընտրության հարցում։ Հանդիսատեսը շատ դեպքերում ցանկանում է նոր, հետաքրքիր նախագծեր՝ թարմ և նորարարական տարրերով, մուլտիմեդիայի, երաժշտության այլ ժանրերի միաձուլմամբ։ Ըստ նրա՝ սրանք անհրաժեշտ են դասական երաժշտությանը նոր թափ հաղորդելու համար:
Դիրիժորն ընդգծում է, որ շրջապատող ամեն ինչ անդրադառնում է մեր կյանքի, այդ թվում՝ դասական երաժշտության վրա։ Այսօր մեր կյանքի տեմպն ավելի արագ է, և դա ազդում է նաև ստեղծագործությունների մեկնաբանությունների վրա։
Ջանլուկա Մարչիանոն կարծում է, որ պետք է կարողանալ ճիշտ հավասարակշռություն գտնել հնի ու նորի միջև. երբեմն կարելի է մի փոքր դանդաղեցնել կատարման տեմպն ու վերադառնալ այն պատկերացումներին, ինչ մտածում էին կոմպոզիտորներն իրենց ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Դանիել Լոզակովիչը և Ջանլուկա Մարչիանոն ելույթ կունենան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում
- Ջանլուկա Մարչիանոն՝ Մալերի Սիմֆոնիա թիվ 1-ով հայաստանյան բեմում
- Ջանլուկա Մարչիանո. Երիտասարդական նվագախումբը Ալ Բուստան փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները