Դուք ասում եք, օրենք է, բայց, քաղաքացի՛, եթե դու այն խախտես՝ մենք քեզ չենք պատժի. Արթուր Խաչատրյանը՝ ԿԲ նախագահի տեղակալին
«Մենք ասում ենք՝ քաղաքացի, սպառողական վարկդ ստացի քո հաշվին, գնա ինչ-որ մի տեղ կանխիկացրու, որպեսզի կանխիկով գնում անես և դրանով կանխիկացման համար բանկին գումար տուր»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադառնալով կանխիկով գործարքների սահմանափակման ԿԲ-ի օրենսդրական նախաձեռնությանը՝ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորը նկատեց, որ փոփոխությամբ ստվերի կրճատման խնդիր չի լուծվում, այլ բանկերին հարստացնելու խնդիր են լուծում:
«Վաղը քույրս, եղբայրս գալիս են ինձ մոտ և ես ուզում եմ իրենց մի շաբաթով 350000 դրամ տալ մինչև աշխատավարձը ստանան ու վերադարձնեն, պետությունը ինչպե՞ս է գրանցելու, թե մենք ինչպես ենք այդ գումարը փոխանցել միմյանց»,- «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը ներկայացնող ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին հարցրեց պատգամավորը և հավելեց. «Երկու հարազատ քույր ու եղբայր, մայր և զավակ իրար դրամ են տալիս, ի՞նչ իմաստ կա այն գրանցել և ինչպե՞ս է վերահսկվելու»:
ԿԲ նախագահի տեղակալը պատասխանեց, որ իրավաբանական անձից մեկ այլ իրավաբանական անձ փոքր գումարների փոխանցման համար միայն բանկային փոխանցումների համակարգը չի կարելի օգտագործել, այլ քսակով, QR կոդով, և ՀԴՄ տպող սարքերի միջոցով էլ կարելի է անկանխիկ գործարքներ անել:
Վախթանգ Աբրահամյանը պնդեց՝ օրենսդրական նախաձեռնության նպատակն այն է, որ սպառողական վարկերը օգտագործվեն անկանխիկ եղանակով, իսկ եթե վարկը վերցնելու են և հետո գնալու են կանխիկով գնում անեն, ապա վերահսկելը դժվար կլինի:
«Օրենքի նպատակը խախտման համար մարդկանց պատժելը կամ բռնելը չէ, այլ՝ անկանխիկ վճարումների համակարգի զարգացման համար ի սկզբանե բարենպաստ պայմաններ ստեղծելը, որ եթե քաղաքացին ցանկանում է անպայման անկանխիկ վճարել, ապա իրեն չմերժեն»,- հայտնեց ԿԲ նախագահի տեղակալը:
Նրա խոսքով՝ նաև արտասահմանում նման կարգավորման փորձ կա, որ եթե արտարժույթի շրջանառության ոլորտում քույր ու եղբայր իրար 200 դոլար են տվել, ապա այն հնարավոր չէ բռնել և խոսքը չի գնում այն մասին, որ երկու եղբոր միջև 310000 դրամ փոխանցումը հայտնաբերեն և պատժեն:
«Եթե արտասահմանի փորձից եք խոսում, մի օրինակ էլ ես բերոմ։ Ասում է՝ արտասահմանում 60 տարեկան մարդը 16 տարեկան աղջկա հետ է պսակվում, բայց արտասահմանում կա նաև «գարաժ-սեյլ» երևույթը»,- արձագանքեց Խաչատրյանը և բացատրեց, որ նկատի չունի վարկը վերցնելը և առաջնային շուկայից գնում կատարելը, այլ այդ վարկով, օրինակ, հարևանից գնում կատարելուն, իսկ վերջինս իրավաբանական անձ չէ, արդյունքում ստացվում է, որ վարկը կանխիկացնելու համար քաղաքացին պարտադիր վճարում է բանկին, այն դեպքում, երբ այդ վարկը կարելի էր միանգամից կանխիկ տալ քաղաքացուն, քանի որ նա նախընտրում է կանխիկով գնում անել:
«Վարկը կանխիկացման համար ես բանկին վճարում եմ՝ թեկուզ 100 դրամ, բայց ինչո՞ւ պետք է վճարեմ»,- հարցրեց Խաչատրյանը և նկատեց, որ վարկի տրամադրումն արդեն ստվերային գործարք չէ և առաջարկեց 300000-ից ավելի բարձր շեմ սահմանել:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը բերեց գյուղատնտեսական վարկի տրամադրման դեպքը, երբ ֆերմերը վարկը վերցնում է այգեքաղ անող աշխատակիցներին վճարելու համար, և հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ պետք է բանկի միջոցով կանխիկացնի իր վարկը:
«Դուք ասում եք, օրենք է, բայց, քաղաքացի՛, եթե դու այն խախտես՝ մենք քեզ չենք պատժի»,- ԿԲ նախագահի տեղակալի պարզաբանումները բացատրեց Արթուր Խաչատրյանը
Վախթանգ Աբրահամյանը տեղեկացրեց, որ անկախ քննարկվող օրինագծի ընդունումից, կանխիկացման համար վճարումները թանկանալու են:
«Քաղաքականություն է գնում և բանկերն հասկանում են, որ կանխիկի հետ առնչվելն ավելի թանկ է»,-հայտնեց ԿԲ նախագահի տեղակալը, և բացատրեց, որ այդ դեպքում ինկասացիայի, անվտանգության, կորստի ապահովագրության տեսանկյունից զգալի միջոցներ են ծախսվում:
Նրա խոսքոց՝ պետք է միջոցներ գործարկվեն, որպեսզի ստիպեն 300 000 դրամից ավելի գործարքները անպայման գրանցվեն, նույնիսկ եթե գյուղացին 400 000 դրամով իր կովն է վաճառում:
Հարակից հրապարակումներ`
- 2.6 մլն քարտ ունենք թողարկած բանկային համակարգում. Վախթանգ Աբրահամյան
- Հաշվեքննիչ պալատի դիմաց փակել են դռները և շատ տեղեր թույլ չեն էլ տալիս գնալ. Իշխան Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան