ԱՄՆ պետդեպ. Կոչ ենք անում վերադարձնել մնացած բոլոր կալանավորվածներին, ամբողջապես հաշվառել անհայտ կորածներին
ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը նոյեմբերի 8-ին տարածել է հայտարարություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հռչակման մեկամյա տարեդարձի կապակցությամբ:
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Այս շաբաթ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը ճանաչում են հրադադարի հռչակման մեկամյա տարեդարձը, որը վերջ դրեց Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև 44-օրյա ինտենսիվ մարտերին:
Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անցյալ տարի ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում վերադարձնել մնացած բոլոր կալանավորվածներին, ամբողջապես հաշվառել անհայտ կորածներին, թույլատրել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տները, իրականացնել հակամարտությունից տուժած տարածքների համապարփակ մարդասիրական ականազերծում և հասանալի դարձնել միջազգային մարդասիրական կազմակերպությունները կարիքավորների համար:
Մենք նաև կոչ ենք անում հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները:
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը ներկայումս գտնվում է տարածաշրջանում՝ բոլոր երեք երկրների հետ երկկողմ բնույթի հարցեր քննարկելու և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հիմնախնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքով ձևավորված իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ ԼՂ հակամարտության լուծման համար
- ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. ՏԱՍՍ