Իմպոտենտ իշխանությունը մաքսիմում կարողանում է ընդդիմությանը հալածելու փորձ անել, բիզնես խլել.Բաբկեն Հարությունյան
«Ադրբեջանական կողմի լկտիությունն այնտեղ է հասել, որ նույնիսկ հրադադարից մեկ տարի անց սանձարձակ ձևով սպանում են արցախցուն»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը՝ նկատելով, որ նման իրավիճակում իշխանությունները խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Շուշիում տոնում էր իր «հաղթանակը», իսկ հայկական կողմը չի կարողանում վերագտնել այն ճանապարհը, որի միջոցով կդիմագրավեր թշնամու մարտահրավերներին:
Անդրադառնալով կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին՝ Հարությունյանը նկատեց, որ նա փորձում էր հանդես գալ լուրջ գործչի կերպարով՝ երկրի վարչապետի դիրքերից լուրջ դեմքով արված արտահայտություններով:
«Առանց իրեն բնորոշ լակոտական արտահայտությունների խոսում էր մի մարդ, որն ընդամենը մի քանի ամիս առաջ մուրճը ձեռքին ընկել փողոցներում քարոզարշավ էր անում, սպառնում քաղաքացիներին, գործարարներին, քաղաքական կուսակցություններին»,- նկատեց Բաբկեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ լուրջ կերպարով հանդես էր գալիս մեկը, որը ժամանակին վրեժի կոչ էր անում, հորդորում դատարանները շրջափակել:
«Երբ, որ թշնամիդ շարունակում է քեզ սպանել, նորանոր պահանջներով հանդես գալ, դու խոսում ես խաղաղասիրությունից»,- նկատեց բանախոսը և, նկատելով, որ խաղաղությունն անհրաժեշտ է, շեշտեց, որ այդ խաղաղությունը չպետք է լինի պետության և ժողովրդի շահերի հաշվին:
«Հայրենիք» կուսակցության անդամը շեշտեց, որ երկիրը կապիտուլյացիայի հասցրածը չի կարող խոսել Շուշին, Հադրութը հետ բերելու մասին և միակ բանը, որ կարող է անել՝ խաղաղություն մուրալն է, որն էլ անում է՝ չհասկանալով, որ նման վայրենի թշնամի ունենալով՝ չի կարող խաղաղասիրությամբ իրավիճակ հարթել:
Բանախոսը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի կարողանում անել ՀՀ և ԱՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում և՝ ընդհանրապես երկրից դուրս, բայց փորձում է իրեն ցույց տալ երկրի ներսում:
«Քանի որ ունենք նման իմպոտենտ իշխանություն, նրանք մաքսիմում կարողանում են ընդդիմությանը հալածելու փորձ անել, բիզնես խլել»,- ասաց Հարությունյանը և առաջնային համարեց իշխանությունների հեռացումը:
Նա հայտարարեց, որ ժողովուրդը պետք է վերադառնա իրականություն և հասկանա, թե ինչպես իշխանությունը զավթած այս խումբը չի արդարացնում նրանց հույսերը, իսկ բոլոր ոլորտներում անկման գործընթացը շատ ավելի մեծ տեմպերով է գնում:
Ըստ Հարությունյանի՝ իշխանությունն իր գործողություններով հաստատում է ընդդիմության այն պնդումները, որ իրենք ի վիճակի չեն լուծել երկրի անվտանգային, դիվանագիտական խնդիրները և սոցիալ-տնտեսական հարցերը:
Նրա խոսքով՝ բնակչության մեջ շատերն արդեն տեսնում են իշխանությունների անկարողությունը և սկսում վատ բառերով արտահայտվել այն մարդու մասին, որին մի քանի ամիս առաջ ընտրել են:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Բաբկեն Հարությունյանը նկատեց, որ շատ տեղերում պարտվեց իշխանությունը, բայց ընդդիմությունն էլ չհաղթեց և պետք է այդ արդյունքներից եզրակացություն անել: