Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է անում ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Բելառուսի հետ ԵՄ երկրների սահմաններում միգրացիոն ճգնաժամի սրման լույսի ներքո, Եվրամիության անդամ երկրներին կոչ է արել հավանություն տալ Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների երկարաձգմանը։ Այս մասին գրում է DW-ն։
«Հենց պաշտոնական Մինսկն է պատասխանատու այս հիբրիդային հարձակման համար», - ասել է նա նախօրեին։
Բացի այդ, Բրյուսելը կուսումնասիրի «մարդկանց թրաֆիքինգի մեջ ներգրավված երրորդ երկրների ավիաընկերությունների նկատմամբ տույժերի կիրառման հնարավորությունը», հավելել է ֆոն դեր Լեյենը։
«Բելառուսը պետք է դադարի խաղալ մարդկային կյանքերի հետ»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Առաջիկա օրերին Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Շինասը կայցելի միգրանտների ծագման երկրներ՝ համոզվելու, որ իրենց քաղաքացիները «չեն ընկել բելառուսական իշխանությունների ծուղակը»։ Բացի այդ, Բրյուսելը, ՄԱԿ-ի հետ համատեղ, ազգային իշխանությունների աջակցությամբ կուսումնասիրի միգրանտների անվտանգ վերադարձի հարցն իրենց հայրենիք։
Վարշավան կփակի Բելառուսի հետ սահմանին գտնվող Կուզնիցա սահմանային անցակետը
Լեհաստանի իշխանությունները կարգադրել են ժամանակավորապես փակել Բելառուսի հետ սահմանին գտնվող Կուզնիցա սահմանային անցակետը։ Միջոցառումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 9-ի առավոտյան ժամը 7-ին։ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը խորհուրդ է տվել Լեհաստանի տարածք մուտք գործել ցանկացողներին օգտագործել Տերեսպոլի և Բոբրովնիկի անցակետերը։
Մինչդեռ Լիտվայի իշխանությունները զինվորականներ են ուղարկել Բելառուսի սահման։ Պաշտոնական Վիլնյուսը կուսումնասիրի սահմանամերձ շրջանում արտակարգ ռեժիմ մտցնելու հնարավորությունը, հայտարարել է Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեն։
Լեհաստանը կասեցրեց Բելառուսից անօրինական ներգաղթյալների առաջին զանգվածային ալիքը
Մի քանի ժամ առաջ միգրանտների մեծ խմբեր փորձել են ներխուժել ԵՄ՝ լեհ-բելառուսական սահմանի պատնեշներից։ Սահմանապահներին և զինծառայողներին հաջողվել է կանգնեցնել անօրինական ներգաղթյալներին, նրանք ճամբար են հիմնել Կուզնիցա գյուղի մոտ։ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն պնդում է, որ ավելի քան 2 հազար մարդ գտնվում է Լեհաստանի հետ սահմանին պատնեշների առաջ։
Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսը զգալիորեն ավելացրել է Մերձավոր Արևելքից դեպի Մինսկ թռիչքների թիվը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետախուզական ծառայությունների տվյալներով՝ ներկայումս օրական Բելառուս է ժամանում մոտ 800-1000 միգրանտ։
Մայիսի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկն այլևս չի ձերբակալի անօրինական ներգաղթյալներին, ովքեր փորձում են Բելառուսի տարածքով հասնել Եվրամիության տարածք։ Դրանից հետո անօրինական միգրանտների հոսքը կտրուկ ավելացավ՝ առաջին հերթին դեպի Լիտվա, ապա Լեհաստան։ Եվրամիությունը մեղադրում է Լուկաշենկոյի ռեժիմին միգրացիոն ճգնաժամը միտումնավոր հրահրելու և հազարավոր անօրինական ներգաղթյալների ԵՄ սահմաններ տեղափոխելու կազմակերպման մեջ՝ ի պատասխան նրա ռեժիմի դեմ կիրառած պատժամիջոցների։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի և Լեհաստանի սահմանին ծանր վիճակում Իրաքի քաղաքացի է հայտնաբերվել
- Լատվիան մեղադրել է Մինսկին՝ սահմանում տիրող միգրացիոն ճգնաժամի համար
- Մինսկը պատմել է Լատվիայի և Լիտվայի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին
- Լիտվայի անվտանգության ուժերը շներ են բաց թողել Բելառուսից ներթափանցող փախստականների վրա