Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Միրզոյանի ու Բայրամովի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություններ, որոնք գրեթե նույնական են։
«Նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։
Նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակի նախօրեին։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության արդիական հարցերին, տարածաշրջանային և միջազգային խնդիրների որոշ ասպեկտներին»։
«Նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակի նախօրեին։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր»,-ասվում են հաղորդագրություններում։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով այսօր Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին