Հայկ Վարդանյան. Յուրաքանչյուրս պետք է մտածի՝ ի՞նչ կարող եմ անել, որ հաջորդ ճակատամարտին պատրաստ լինեմ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուտետն ավարտելուց հետո կրթությունը շարունակելու, դոկտորականը պաշտպանելու համար Գերմանիա մեկնած, ապա այնտեղ հաստատված Հայկ Վարդանյանին պատերազմից հետո հայրենիքին ինչ-որ բանով օգնելու միտքը հանգիստ չէր տալիս։ Ստեղծեց Network Nation Podcast-ը, որը, ինչպես ինքն է ներկայացնում, միտված է Հայաստանում հետպատերազմյան իրավիճակի բարելավմանը և երկրի զարգացմանը: Հարթակում Հայկը ներկայացնում է հայկական տարբեր նախագծեր, զրուցում դրանց հեղինակների, հիմնադիրների հետ։
Network Nation Podcast-ի մասին Panorama.am-ը զրուցել է գերմանաբնակ երիտասարդի հետ։
Panorama.am- Հայկ, ինչպե՞ս և ե՞րբ առաջացավ «Network Nation» Podcast-ի գաղափարը։
Հայկ Վարդանյան- «Network Nation»-ի գաղափարն առաջացավ պատերազմից անմիջապես հետո։ Երբ դուրս եկա մի քանի շաբաթ տևած շոկից, շատ մեծ էներգիա ու ցանկություն կար ինչ-որ մի բան անելու, ինչ-որ բանով հայրենիքն օգնելու։ Այդ ժամանակ Հայաստանում ու դրանից դուրս ստեղծվում էին տարբեր նախագծեր, որոնց մասին շատերը չգիտեին։ Ես սկսեցի զանգել նախագծերի հեղինակներին, զրուցել նրանց հետ, հասկանալ նպատակները, հետո դրանց մասին պատմում էի իմ ընկերներին, գտնում մարդիկ, որոնք ցականում էին նրագրավել դրանց մեջ։ Ընթացքում հասկացա, որ հայկական նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է։ Ես մտածեցի, որ այդ խոսակցությունները կարող եմ ձայնագրել ու հրապարակել, որպեսզի ուրիշներն էլ տեղեկանան։ Հենց այդպես առաջացավ Podcast-ի գաղափարը։
Panorama.am -Յուրաքանչյուր փորձությունից, պատերազմից պետք է դասեր քաղել՝ հետագայում դրանք կանխելու, դիմագրավելու համար։ Ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի մեր դասը Արցախի վերջին պատերազմից։
Հայկ Վարդանյան- Իրականում մտածում եմ այսպես՝ հաղթում ես ճակատամարտում մինչև դրա սկսելը։ Հիմա պարտվել ենք վերջին ճակամարտում, ճիշտ ժամանակն է հաջորդ ճակատամարտին պատրաստվել՝ հաղթելու համար։ Այս պահին ունենք երկու ճանապարհ՝ մեկը. սկսենք գտնել մեղավորներ, ասենք մենք մեղավոր չենք, դիմացինն է մեղավոր, դավաճան, թուրք, բայց այս ճանապարհը մեզ ավելի ուժեղ չի դարձնում հաջորդ ճակատամարտի համար։ Երկրորդ ճանապարհն այն է, որ յուրաքանչյուրս պետք է մտածի, ես ի՞նչ կարող եմ անել, որ հաջորդ ճակատամարտին պատրաստ լինեմ։ Երբ այդպես ենք մտածում՝ կարող ենք մարզվել, ավելի լավ մասնագետ դառնալ, ներդրում կատարել ինչ-որ լավ նախագծերի համար, կարող եմ ընդգրկվել դրանց մեջ կամ ինքս ստեղծել։ Ինչքան շատ մարդ ներգրավվի այս պրոցեսում, այնքան լավ։ Կարծում եմ, սա է միակ ճիշտ ճանապարհը։
Panorama.am- Ձեր զրուցակիցները Հայաստանին օգնելուն միտված ծրագրերի, նախագծերի հեղինակներն են։ Նրանց հետ Ձեր զրույցների ընթացքում ի՞նչ եզրահանգման եք եկել։
Հայկ Վարդայան-Իմ զրուցակիցները շատ հետաքրքիր մարդիկ են, որոնք գնում են իմ նշած երկրորդ ուղիով։ Նրանք չեն բողոքում, մեղավորներ չեն փնտրում, կրկնակի ու եռակի ավելի եռանդով լծվել են իրենց գործին ու նախագծերին։ Կարող եմ ասել, որ նրանք լավատես են, քանի որ գործ են անում ու տեսնում արդյունքներ։ Շատ կարևոր է, որ նրանցից շատերի նախագծերը միավորելու մասին է, օրինակ, միավորում են մարզերի երեխաներին, Սփյուռքի ու Հայաստանի հայերին, գիտնականներին, բժիշկներին... Համախմբումը հաջողության հասնելու ճիշտ ուղին է, իմ հյուրերը դա հասկացել են, ժամանակի ընթացքում պետք է մյուսներն էլ հասկանան։
Panorama.am -Սովորաբար օգնության, աջակցության ծրագրերից առաջ նախ պետք է ախտորոշել առկա խնդիրները։ Դուք, որ ապրում ու աշխատում եք Հայաստանից դուրս, թեկուզ Ձեզ համար առանձնացրե՞լ եք այդ խնդիրները։ Ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումը, դրանց ուղղությամբ փոփոխությունների ճանապարհը։
Հայկ Վարդայան-Իրականում, Ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, ճիշտ բուժման համար նախ հարկավոր է ճիշտ ախտորոշում։ Մեր խնդիրները շատ բազմազան են, իրականում, ես ինչպես հասկանում եմ, արմատները խորն են։ Ես գիտեմ մարդիկ, խմբեր, որոնք այս պահին աշխատում են այդ խնդիրների ախտորոշմնա ուղղությամբ, որպեսզի հետագայում հնարավոր լինել աշխատել դրանց լուծման համար։
Ես մի խնդիր եմ առանձնացրել ինձ համար, խոսել հայանպաստ, հայաստանանպաստ նախագծերի, ծրագրերի մասին, որպեսզի Սյունիքի Շինուհայր գյուղում ապրող երիտասարդը տեղյակ լինի Գերմանիայի մի քաղաքում իրականացվող նման ծրագրի մասին։
Panorama.am-Հայաստանանպաստ ու հայանպաստ ծրագրերի մասին պատմելուց հետո արձագանքներն ինչպիսի՞ն են։
Հայկ Վարդայան-Արձագանքները հիմնականում դրական են, տարբեր։ Բայց ես ուզոմ եմ ընդգծել, որ պատերազմից հետո հուսալքվածության, խավարի պայմաններում Podcast-ը մարդկանց հույս է տալիս։ Մարդիկ խավարի մեջ կարծես տենում են լուսավոր կետեր։ Լուսավոր կետերն այն մարդիկ են, որոնք չեն հուսահատվել, աշխատում են ավելի մեծ եռանդով՝ փորձելով օգուտ բերել Հայաստանին։ Սա էլ հույս է առաջացնում, որ ամեն ինչ կորած չէ, հետո սկսում են մտածել, որ իրենք էլ կարող են ինչ-որ բան անել, ավելի ուշ իրենք էլ ստեղծում կամ ներգրավվում են տարբեր նախագծերում։ Ես կարծում եմ, սա ֆանտաստիկ էֆեկտ է։
Panorama.am-Շնորհակալ եմ։
Հայկ Վարդանյան-Եթե թույլ կտաք, մի բան ավելացնեմ։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքաչյուրն է ստեղծում ու ձևավորում իր կյանքն ու իրականությունը։ Եթե ուզում ենք, որ այդ իրականությունն ավելի լավ լինի, ամեն օր պետք է աշխատենք մեզ վրա, և դա պետք է սկսենք հենց այս պահից։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն՝ ի՞նչ պետք է անեմ, որ դառնամ ավելի լավ մասնագետ, ավելի կիրթ, զարգացած, ավելի առողջ, ֆինանսապես ավելի կայուն, ինչպե՞ս կարող ենք նպաստել ցանցային ազգի ուժեղացմանը։ Երբ այսպես ենք հարցը դնում, մեր ուղեղը սկսում է այդ հարցերի պատասխանները մեզ համար գտնել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան