Տիգրան Հակոբյանը գովազդի մասին օրենսդրական փոփոխությունները որակում է չմտածված
«Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո, և հատկապես արցախյան պատերազմից հետո հեռուստառադիոգովազդային շուկան գրեթե փլվեց»,-ԱԺ-ում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նշենք, որ ԱԺ-ում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Հակոբյանն ասաց, հեռուստառադիո հեռարձակողների ծախսերն ավելի մեծ են, քան ինտերնետային կայքերինը կամ այլ ԶԼՄ-ներինը, քանի որ պետական մուլըիպլեքսը մենաշնորհ ունի, հարկերն են շատ, հանձնաժողովը խիստ հետևում է, որ գովազդի առումով չարաշահումներ չլինեն։
Նա գովազդի վերաբերյալ սահմանափակումը համարում է շատ չմտածված քայլ, քանի որ հանրային մուլտիպլեքսը պետք է կարողանա գումար գեներացնել ու պատրաստել հանրօգուտ հաղորդումներ։ Հանձնաժողովն առաջարկեց տարբերակված մոտեցում ցուցաբերել լիցենզավորված լրատվամիջոցների նկատմամբ, հետաձգել նրանց համար օրենքի կիրառումը, ավելին, նշեց, որ հանրային մուլտիպլեքսը կարելի է օգտագործել շահումով խաղերի դեմ պայքարելու համար։
«Կարող են պետական մարմինները տեսահոլովակներ պատրաստել, տրամադրել լիցենզավորված հեռարձակողներին, որպեսզի ցուցադրեն, ինչպես օրինակ անվճար ցուցադրում էին կորոնավիրուսի վերաբերյալ հոլովակները։ Լիցենզավորված հեռարձակողները մշտապես անվճար ցուցադրել են այն, ինչ կարևոր է հասարակության համար»,-ասաց նա՝ ըն դգծելով, որ օրինակ մետրոյի «Երիտասարդական» կայարանի տարածքը, որտեղ մեծ թվով ուսանողներ են լինում, լցված է շահումով խաղերի գովազդով։
Հակոբյանի խոսքով, երիտասարդությունը գրեթե հեռուստասություն չի նայում, ավելի շատ օգտվում են ինտերնետից, որտեղ շատ են շահումով խաղերի մասին գովազդները։
Հակոբյանը նշեց, որ տարածված կարծիք կա օրենսդրական նման փոփոխություններով փորձում են իջեցնել հեռուստաընկերությունների եկամուտները, որպեսզի դրանք փակվեն ու իշխանությանը չքննադատեն։
«Ես այդ վարկածին չեմ հավատում, բայց ուզում եմ ասել, եթե ինչ-որ մարդիկ այդպես են կարծել, ապա նրանց հաշվարկները սխալ են, քանի որ զուտ քարոզչական ֆունկցիա ունեցող լրատվամիջոցների դեպքում, եթե ողջ գովազդն էլ արգելեն, դրանք կգործեն, քանի որ դրանք սնվում են այլ աղբյուրներից։ Արդյունքում կտուժեն այլ հեռուստաընկերությունները, որոնց գոյությունը կդրվի կասկածի տակ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան