Օբաման ելույթ է ունեցել Գլազգո COP26-ում
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը` նոյեմբերի 8-ին ժամանել էր Գլազգոյի ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին։ Օբամային կարճ ժամանակով տեսել են Գլազգոյում COP26-ի անցկացման վայրում աստիճաններով իջնելիս՝ ԱՄՆ հատուկ բանագնացի և նրա նախկին պետքարտուղար Ջոն Քերիի կողքին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Սպասվում է, որ ԱՄՆ նախկին նախագահը իր այցի ընթացքում կհանդիպի նաև երիտասարդության առաջնորդների հետ:
Իր ելույթում Օբաման քննադատել է նրանց, ովքեր քաղաքականության միջոցով փորձում են խուսափել կլիմայի փոփոխության դեմ գործելուց: Նրա խոսքը ուղղված էր մի կողմից Ռուսաստանին և Չինաստանին՝ արտասահմանում, ինչպես նաև հանրապետական քաղաքական գործիչներին՝ երկրի ներսում, նշում է Ռոյթերս գործակալությունը:
Ըստ Օբամայի՝ հատկապես հիասթափեցնող է, որ աշխարհի խոշորագույն արտանետողներից երկուսի՝ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները, անգամ հրաժարվել են մասնակցել Գլազգոյի համաժողովին:
Դեմոկրատ նախկին նախագահը, ելույթ ունենալով COP26 կլիմայական գագաթնաժողովի գլխավոր հարթակում, ասել է, որ թե՛ ինքը, թե՛ ներկայիս դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը «մեծապես կաշկանդված են եղել այն փաստով, որ ԱՄՆ-ի երկու խոշոր կուսակցություններից մեկը ոչ միայն հետ է քաշվել այս հարցում, այլև ակտիվորեն թշնամակամ վերաբեր,մունք սերմացրել կլիմայի հարցով գիտական մտքի նկատմամբ և կլիմայի փոփոխությունը դարձրել կուսակցական խնդիր:
ՄԱԿ-ի կլիմայի շուրջ բանակցությունների երկրորդ և վերջին շաբաթվա սկզբում քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ինչպես հնարավոր է փոխհատուցել կլիմայի հետ կապված կորուստները և վնասները: Այս հարցը քննարկվում է շուրջ տասը տարի: Քննարկումներ են ընթանում նաև, թե ինչպես է հնարավոր օգնել երկներին՝ հարմարվելու կլիմայի փոփոխության հետևանքներին: