Իրանը կարող է Ֆրանսիային որպես միջնորդ դիտարկել միջուկային գործարքի շուրջ բանակցություններում
Իրանի իշխանությունները կարծում են, որ եթե Ֆրանսիան ավելի անկախ դիրքորոշում որդեգրի, ապա որպես միջնորդ կարող է ավելի կարևոր դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը հրապարակված «Le Figaro» թերթին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին։
«Չնայած Ռուսաստանն ու Չինաստանն ավելի մոտ են մեր դիրքորոշումներին, իմ այսօրվա հանդիպումից հետո կարող եմ դատել, որ Ֆրանսիան ցանկանում է շատ ավելի լուրջ դեր խաղալ այս բանակցություններում»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության քաղաքականության և անվտանգության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Հերերայի հետ իր հանդիպումը։
«Եթե Ֆրանսիան այսուհետ ավելի անկախ դիրքորոշում դրսևորի, ապա նա կամրապնդի իր դիրքերը՝ որպես բանակցող պետություն»,-նշել է նա։
Երեքշաբթի օրը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլաիանի հետ հեռախոսով քննարկել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ): Ֆրանսիացի նախարարն ընդգծել է հունիսի 20-ին Իրանի կողմից ընդհատված բանակցությունների վերսկսման կարևորությունն ու հրատապությունը՝ նպատակ ունենալով շուտափույթ վերադառնալ գործարքի իրականացմանը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Իրանի համագործակցության կարևորության վրա։
Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ներկայացուցիչների և Գերմանիայի կողմից։ 2018 թվականին Դոնալդ Թրամփը, որն այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, միակողմանիորեն որոշեց դուրս գալ ԳՀՀԾ-ից։ ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը վերականգնելու իր պատրաստակամության մասին։ «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ապրիլից այս հարցով Վիեննայում բանակցություններ է վարում։ Նրանց հաջորդ փուլի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 29-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին