Մամիջանյանին զարմացրել են ԵԽ նախարարների կոմիտեի զեկուցողների հայտարարությունը՝ Հայաստանի ժողովրդավարության մասին
ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների՝ Հայաստանի մասին հայտարարությունը խիստ զարմանալի ու անհասկանալի է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար։
«Եթե նախորդ անգամ համազեկուցողները ժողովրդավարության զեկույցի պատրաստման ընթացքում հարկ չէին համարել հանդիպել ընդդիմադիր ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ՝ ոչ խորհրդարանական, ոչ էլ արտախորհրդարանական, ապա այս անգամ հանդիպումների ընթացքում ես ու ընդդիմադիր մյուս գործիչները բարձրաձայնել ենք լուրջ խնդիրներ։ Ուստի փաստել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն ավարտվել է, զսպումների ու հակակշռումների մեխանիզմներն աշխատում են մի երկրում, որտեղ ողջ իշխանությունը կենտրոնացած է կապիտուլյանտի ձեռքում, անհասկանալի է ու զարմանալի»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց նա։
Մամիջանյանը նշում է՝ զեկույցում խոսք կա դատական համակարգի նկատմամբ անվստահության մասին, մինչդեռ ոչ մի բառ չկա այդ ոլորտում առկա հսկայական հետքայլի մասին, մասնավորապես, դատական գործերի մակագրումը ձեռքով իրականացնելու վերաբերյալ։
«Այդ զեկույցում որևէ բառ ասված չէ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների մասին, փաստացի այս պահին կալանավորված պատգամավորների մասին, ոչ մի տառ ասված չէ այն մասին, որ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը չեն կարող երկրից դուրս գալ պատգամավորական գործունեությունն իրականացնելու համար»,- ասաց Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորն անհասկանալի է որակում այն ձևակերպումը, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է։
«Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, այն կամայականությունները, որն իրականացնում են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ընդդիմադիր պատգամավորներին ուժով դահլիճից դուրս բերելու հետ կապված, արտացոլված չեն այս հայտարարության մեջ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի զեկույցը, այն կարող է կազմվել, կարող է չկազմվել։ Բայց եթե զեկույցը լինի այս հայտարարության ոճի մեջ, ապա այն բացարձակ ոչ մի աղերս չի ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գնահատականների հետ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան