Չորս տիեզերագնացները վերադարձել են երկիր
SpaceX Crew Dragon-ի պարկուճում գտնվող չորս տիեզերագնացները երկուշաբթի օրն ապահով կերպով վայրէջք են կատարել Մեքսիկական ծոցում՝ Ֆլորիդայի ափերի մոտ: Նրանք այսպիսով ավարտել են ՆԱՍԱ-ի վեցամսյա գիտական առաքելությունը Միջազգային տիեզերակայանում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Dragon անվանում կրող պարկուճը պարաշյուտով վայրէջքն իրականացրել է երեկոյան ժամը 22:30-ին, այնպես, ինչպես նախատեսված էր:
Ուղիղ հեռարձակվող հաղորդման ժամանակ երևացել է, թե ինչպես է պարկուճը, երկրի մթնոլորտ մուտք գործելուց հետո երկնաքարի պես անցնում գիշերային երկնքում: Մինչև օվկիանոսի խաղաղ ջրերի մեջ ընկնելը, այն իր արագությունը նվազեցրել է ժամում մինչև 25 կիլոմետրը:
Անձնակազմն այս առաքելության ժամանակ տիեզերքում է անցկացրել 199 օր: Անձնակազմի անդամներն էին ՆԱՍԱ-ն ներկայացնող ամերիկացի երկու տիեզերագնացներ, մեկ ճապոնացի և մեկ ֆրանսիացի մասնագետներ:
SpaceX Falcon 9 հրթիռը նրանց տիեզերանավը տիեզերք էր տարել ապրիլի 23-ին Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական թռիչքակայանից:
Այն երրորդ անձնակազմն էր, որն ուղեծիր դուրս եկավ ՆԱՍԱ-ի և միլիարդատեր Իլոն Մասքի կողմից 2020 թվականին հիմնադրված մասնավոր SpaceX ընկերության համատեղ ջանքերով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան