Լեհաստանում արձանագրվել է սահմանի ապօրինի հատման գրեթե 600 փորձ
Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Բելառուսից սահմանն ապօրինի հատելու գրեթե 600 փորձ է գրանցվել՝ երկու անգամ ավելի, քան երեքշաբթի օրը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Երեքշաբթի օրը սահմանապահները հայտնել են սահմանի ապօրինի հատման շուրջ 300 դեպքի մասին։
«Նախօրեին արձանագրվել է սահմանն ապօրինի հատելու 599 փորձ, բերման է ենթարկվել 9 մարդ (հինգը Լիբանանի, երեքը Իրաքի, մեկը Սիրիայի քաղաքացի)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, անմիջապես Լեհաստանի տարածքում ձերբակալվել է 48 մարդ, որոնց վերաբերյալ Լեհաստանից վտարման հրամաններ են արձակվել։
Ըստ գործակալության՝ Բելառուս-Լեհաստան սահմանն ապօրինի հատելու փորձերի քանակով ռեկորդ է գրանցվել հոկտեմբերի 10-ին՝ 739 դեպք։
Տարեսկզբից գրանցվել է ավելի քան 32 հազար նման փորձ։