Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների փաստերը ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել. Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Նա նշել է, որ չնայած 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարից հետո կատարվել են լայնածավալ աշխատանքներ բնակչության անվտանգության ապահովման համար, սակայն հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների՝ թիրախային կրակոցներից ունեցած զոհերի և վիրավորների փաստերը ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ փոխգործակցության սկզբունքով քայլերն են նախատեսվում:
Իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ են հնչեցրել քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: