Կառավարությունը չի ընդունել Մայր Աթոռի առաջարկները
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծում, որն առաջին ընթերցմամբ Աժ-ն ընդունել է, նախքան երկրորդ ընթերցումն առաջարկվում է նոր փոփոխություններ կատարել։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ առաջին ընթերցումից հետո բազմաթիվ կոնսուլտացիաներ են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում, հանրությունն է բավական լայն քննարկել, և ուզում են նախագծում փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում։
«Այսպիսով, առաջարկվող օրենքի վերջնական տարբերակն է ՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը՝ Սուրբ ծնունդ և հայտնություն, որոնք կլինեն ոչ աշխատանքային օրեր»,- հայտարարեց Քերոբյանը։
Հիշեցնենք՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվել և առաջին ընթերցմամբ ընդունել էր, որ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։ Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր էին սահմանվում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխությունները ներկայացնելիս նախարարը պետք է հայտնի, թե ինչպիսի առաջարկություններ են եղել և ում կողմից։ Այնուհետև հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային:
«Որևէ գնահատական, կարծիք, հիմնավորում չլսեցի»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Աղվան Վարդանյանը նաև հիշեցրեց, որ Մայր Աթոռը ևս հրապարակային առաջարկությամբ էր հանդես եկել՝ ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր։
«Էկոնոմիկայի նախարարությունը շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ», - ասաց Վ. Քերոբյանը:
«Փաստորեն, էկոնոմիկայի նախարարությունը չի ընդառաջել Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի առաջարկներին», - արձագանքեց Աղվան Վարդանյանը:
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի պատկերացմամբ, պետք է ունենալ այնպիսի իրավական մշակույթ, երբ Մայր Աթոռի կողմից ներկայացվող առաջարկները ջանասիրաբար քննարկման առարկա դառնան:
«Մայր Աթոռը չի կարող ստանձնել օրենսդիր իշխանության գործառույթը, բայց կարող է իր հեղինակությամբ, իր խոսքով ուղենիշային լինել: Ես կարծում էի, որ նման հայտարարությունը և առաջարկը, որ Մայր Աթոռից ներկայացվել էր, պետք է էական նշանակություն ունենար», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Ըստ նրա, բովանդակային և ծանրակշիռ փաստարկներ, որպեսզի այդ առաջարկությունը չընդունվի, չի լսել։
«Ինչո՞ւ է այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանալի և ընդունելի չէ: Ի՞նչ պետք է լինի, որ այսպիսի դիմադրություն դրա նկատմամբ ցուցաբերվի՝ առավել ևս պատերազմից հետո», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս փոփոխություններով նախագիծն ընդունելի չէ։
Վերջում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին լրամշակված տարբերակով՝ 3 դեմ, 0 ձեռնպահ, 7 կողմ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է զարմանք հայտնեմ, որ Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը չնշել, որովհետև եկեղեցական տոներ չեն. Քերոբյան
- Դիմում ենք ԱԺ խմբակցություններին՝ ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը. Մայր Աթոռ
- Ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան
- 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները ժողովրդից խլեցիք, հիմա էլ հունվարի 7-ն եք խլում. Գեղամ Նազարյան