Ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը կալանավորել են
Կալանավորվել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը։ Նա Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն է։ Հիշեցնենք, Արա Մկրտչյանն այն համայնքապետների թվում էր, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Քասախ համայնքի ղեկավարը, 1996թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը նույն համայնքի բնակչին վարձակալությամբ տրամադրելու, ապա նաև վերջինիս օտարելու նպատակով, կազմել և շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ տեղեկանք ու հողատարածքի ուրվագծային հատակագիծը, ըստ որոնց՝ վերոնշյալ հողատարածքը ներկայացվել է որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ թաքցնելով այդ հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը։
Ըստ աղբյուրի, այնուհետև Քասախ համայնքի նույն բնակչի հետ կնքելով վարձակալության պայմանագիր՝ նշված հողատարածքը հանձնել է վերջինիս վարձակալությանը։ Գիտակցելով, որ գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքի օտարումը արգելվում է՝ Քասախ համայնքի ղեկավարը վերոնշյալ բնակչի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վարձակալությամբ տրված հիշյալ հողատարածքը 783.000 ՀՀ դրամով օտարել է վերջինիս՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 315.2 հոդվածով։
Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է։
Դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: