Արման Թաթոյան. Ադրբեջանական կրակոցները Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային
Ադրբեջանական երեկվա կրակոցներն Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները: Նման հայտարարություն է տարածել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Խաչիկում ադրբեջանցիների արձակած կրակոցներին։
«Կրակոցների պահին համայնքի բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողներն էլ գիտակցել են, որ խաղաղ բնակիչը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս ահազանգերը փաստահավաք աշխատանքներով ստուգվել և հաստատվել են (կից՝ վնասված տրակտորի լուսանկարները):
Կրակոցներն արձակվել են ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ, տեղի են ունեցել 2021թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ուղղված է ՀՀ խաղաղ բնակիչների արժանապատվության, կյանքի ու սեփականության իրավունքի դեմ, խաթարում է մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
Հայաստանի բնակիչների իրավունքներն անընդհատ խախտող ադրբեջանական արարքների գլխավոր պատճառներից են անպատժելիությունը, ինչպես նաև պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը:
Այս հաղորդումը կներառվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու կուղարկվի միջազգային կառույցներին»,-ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան