Դավիթ Տոնոյանի փաստաբաններ. Այլևս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Դավիթ Տոնոյանի և նրա պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կապված փորձաքննության հետ, առանց բավարար և մասնագիտական հիմնավորման մերժվում են:
Դ.Տոնոյանի փաստաբանական խումբը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել էր մի քանի միջնորդություն, այդ թվում՝
1. թույլատրել ներկա գտնվելու նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը և տալ բացատրություններ, որի իրավունքը սահմանված է քրեական դատավարության օրենսգրքով,
2. նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը նոր հարցեր առաջադրելու վերաբերյալ,
3. Փորձագետին բացարկ հայտնելու վերաբերյալ:
Նշված բոլոր միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվել են:
Ընդ որում՝ միջնորդությամբ մեր կողմից ներկայացված հարցերը առավել կարևոր են սույն քրեական գործի օբյեկտիվության ապահովման և հրթիռների պիտանելիության պարզման տեսանկյունից, քան այն հարցերը, որոնք ներկայումս առաջադրված են փորձագետին: Փորձագետին քննիչը առաջադրել է հարցեր, որոնց պատասխաններն ինքը վաղուց ունի, իսկ պաշտպանության կողմի կարևորագույն և օբյեկտիվ քննություն ապահովող հարցերն առանց հիմնավորման մերժվել են:
Բացի այդ, ինչպես արդեն հայտնել ենք, գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը քննիչի կողմից անկատար է թողնվել, իսկ անձանց մեղադրանքներ են առաջադրվել ոլորտային գիտելիքների պակասի վրա հիմնված պատկերացումների և ենթադրությունների հիման վրա:
Ինչպես 19.10.2021 թվականին տարածած մեր հայտարարությամբ նշել էինք, Դ. Տոնոյանը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։
Մինչդեռ առանց պատշաճ հիմնավորման մերժելով այդ մասին արված միջնորդությունը՝ նախաքննական մարմինը գտել է, որ ներկա գտնվելով փորձաքննությանը՝ Դ.Տոնոյանը կխոչընդոտի փորձագետի աշխատանքին: Ընդ որում, փորձաքննությանը պաշտպանների մասնակցության հարցին առհասարակ անդրադարձ չի էլ եղել:
Բացի այդ, ի սկզբանե նախաքննական մարմինը, նշանակելով համապատասխան փորձաքննությունը, նշել էր, որ միայն փորձաքննությամբ կարող է որոշվել հրթիռների որակը և պիտանելիությունը, սակայն դրանից հետո առանց պատճառաբանության անկատար է թողել փորձաքննության կատարումը, նշանակել մեկ այլ՝ դատատեխնիկական փորձաքննություն:
Այս փաստերը՝ նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, նշանակված փորձաքննությանը ներկա գտնվելու և բացատրություններ տալու իրավունքից զրկելը, փորձաքննության կատարումը ոչ օբյեկտիվ անձի հանձնարարելը և փորձաքննությանը կարևորագույն հարցեր չառաջադրելը պաշտպանության կողմին հիմք են տալիս պնդելու, որ այլևս խոսք չի կարող գնալ սույն քրեական գործի քննության օբյեկտիվության մասին, ավելին, քննության կարևորագույն նպատակն է Դ. Տոնոյանին, ինչպես նաև գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ:
Ավելացնենք նաև, որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, ինչպես նաև մեր կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու մասին որոշումները արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազին, և ակնկալում ենք, որ վերջինիս կողմից օբյեկտիվություն դրսևորելու դեպքում բողոքները պետք է բավարարվեն»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանական խումբ. Բարձրաստիճան երկու սպաները տվել էին Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ
- «Ժողովուրդ». Իրավապահները որոշել են Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորին պահել կալանքի տակ
- Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի
- Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Տիգրան Սահակյանը մակագրել է ինքն իրեն
- Նարեկ Սամսոնյան. Ի՞նչ միջպետական սկանդալով է սպառնում Դավիթ Տոնոյանը
- «Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի լռությունը կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան