Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բժշկության, շինարարության, հանքարդյունաբերության և նավթաքիմիական ոլորտներում
Իրանի սոցիալական ապահովության ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Ալի Ռոստամիի և Իրանում ՀՀ տնտեսական կցորդի հանդիպման ժամանակ, ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման, արտահանման ծավալների մեծացման և եկկողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Հանդիպման ընթացքում, Ալի Ռոստամին ասել է. ««Շասթա» ընկերությունը, որը ղեկավարում է տրանսպորտի, դեղորայքի, ցեմենտի, շինարարության, կապալառուների, հանքարդյունաբերության և նավթաքիմիական ոլորտների 9 հոլդինգ, լավ տարբերակ է Հայաստանում ներդրումներ կատարելու համար»:
Անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև լավ քաղաքական հարաբերություններին, Ալի Ռոստամին հավելել է, որ Իրան-Հայաստան քաղաքական հարաբերությունները լավ մակարդակի վրա են, և երկու երկրների պաշտոնյաների միջև բանակցությունները պետք է հանգեցնեն համաձայնեցված ոլորտներում գործնական քայլերի:
«Շասթա» ընկերության գործադիր տնօրենը, նշելով, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումն Իրանի համար դարպաս է դեպի Ասիա, հավելել է. «Եթե Հայաստանում իրանական դեղամիջոցները հաստատվեն առողջապահության նախարարության կողմից, մենք պատրաստ ենք սկսել մատակարարումներն այդ երկիր և այնտեղ գործարկել համապատասխան սարքավորումներ ու տեխնոլոգիաներ»: